ՀԱՊԿ-ը մեզ չի վախեցնի. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց «Չենք լռելու» նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ-ի` սոցիալական ցանցերում տիրող զարգացումներին հետևելու որոշումը: «Մենք մեզ ազգային ուժ ենք համարում, ու եթե կա հիվանդություն, պետք է սկսել այդ հիվանդության մասին առնվազն խոսել հետագա բուժման համար։ Ցավոք, շատերը դա չեն հասկանում»,- ասաց Ա. Պողոսյանը` հավաստիացնելով, որ «Չենք լռելու»-ն շարունակելու է բարձրաձայնել հասարակության հիվանդությունների մասին` դեմ լինելով ՀԱՊԿ-ի որոշմանը:
Տեղեկացնենք, որ ՀԱՊԿ-ը , որին անդամակցում է նաև Հայաստանը, պետք է հետևի սոցցանցերում տիրող զարգացումներին թունիսյան և եգիպտական սցենարների կրկնությունը բացառելու նպատակով:
«Ամեն դեպքում, սա 37 թվականի ավանդույթի վերականգնումն է, և երբեմն հնարավոր է նաև՝ չարաշահեն հնարավորությունները: Եթե խելամտության սահմաններում հետևեն՝ ես դեմ չեմ, բայց, ցավոք, այդպես հազվադեպ է պատահում, որ չեն գայթակղվում իրենց ընձեռված հնարավորություններից»,- ասաց Ա. Պողոսյանը` նաև հավելելով, որ մինչ այժմ դեռ ոչ մեկի չի հաջողվել վերահսկել ինտերնետը:
Նա նաև դեմ է երկրում խոսքի ազատության հաշվին վերահսկողություն իրականացնելուն: «Դա խայտառակություն է, 37 թվականի ավանդույթների վերականգնում: Հիմա մեզ հաճախ քննադատում են, հատկապես՝ մեր երկրում ձևավորված իշխանական բլոգերների ինստիտուտը, ովքեր մեզ հաճախ մեղադրում են բանակը չհարգելու և եկեղեցիների խնդիրները բարձրաձայնելու համար, նրանց տրամաբանությամբ ստացվում է հետևյալը` չինովնիկների պատճառով եկեղեցիների այս խայտառակ վիճակը ազգին դավաճանություն չէ, իսկ այդ հարցը բարձրացնելը ազգի դավաճանություն է, կամ՝ բանակում զինվորին ծեծի միջոցով խելագարության հասցնելը նորմալ է, իսկ այդ մասին բարձրաձայնելը` ոչ»,- ասաց Ա. Պողոսյանը` ընդգծելով, որ «Չենք լռելու»-ն դեմ կլիներ բանակին, եթե չբարձրաձայներ հասարակության հիվանդությունները:








































