News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն Рустави-2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա վրացական այցերը խոսում են այն մասին, որ Վրաստանը գտնվում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում.
«Այդ կարգի այցերը նշանակում են, որ Վրաստանը մնում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում, և որ Վրաստանը շարունակում է մնալ մեծ քաղաքականության կենտրոն։ Այդպիսի այցերը կարևորություն են ներկայացնում ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև՝ երկրի զարգացման տեսանկյունից։
Այդպիսի այցերին հաջորդում է ավելի մեծ քանակի ներդնողների ու ներդրումների հոսքը, ինչը նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Այդպիսի այցերին հաջորդում է Վրաստանի համար ավելի անվտանգ միջավայրի ձևավորումը, ինչը նշանակում է ապագայում ռուսական ագրեսիայից մեր քաղաքացիների պաշտպանվածություն։ Բացի այդ, այդպիսի այցերից հետո մեծանում է Վրաստանի քաղաքական ակտիվությունը»։
Հիշեցնենք, որ Ռասմուսենի գլխավորած ՆԱՏՕ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու նոյեմբերի 9-10-ը, իսկ Սարկոզիի վրացական այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։ Այն ակնկալվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում։







































