Մենք Փաշինյանի հետ եկել ենք քաղաքականություն, նրա հետ էլ հեռանալու ենք, այս շաբաթ խորհրդարանում ընդդիմությանը հայտարարել էր մեծամասնության պատգամավորներից մեկը: Նա ուզում է ասել, թե չեն դավաճանելու Փաշինյանին: Եվ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, առաքինի, հատկապես, երբ ընդդիմությունն էլ ակնհայտորեն փորձում է պարբերաբար խաղալ Փաշինյանի և նրա խորհրդարանական մեծամասնության միջև «սեպ» խրելու վրա, ինչն ի դդեպ բնորոշ է եղել Հայաստանի բոլոր ընդդիմություններին: Սակայն, այդ ամենով հանդերձ, առաքինի հայտարարության տակ առկա է Հայաստանի համար քաղաքական մշակույթի և ինստիտուցիոնալ մտածողության մի մեծ խնդիր, ավելի շուտ՝ այդ ամենի բացակայության մեծ խդիր, որը Հայաստանի համար կոնցեպտուալ հարց է: Խոսքը «մեկ մարդու» համակարգի մասին է, որ Հայաստանի քաղաքական դաշտի բնորոշ հատկանիշն է, ինչը Հայաստանի պետականության համար դառնում է «աքքիլեսյան գարշապար», պետականությունը արտաքին քաղաքական իրողությունների և անվտանգության մարտահրավերների հանդեպ դարձնելով խոցելի:
Եվ այդ խնդիրը Հայաստանն ուղեկցել, ուղեկցում է առ այսօր, և թերևս կշարունակի ուղեկցել շատ երկար, եթե Հայաստանում չփոխվի քաղաքական մտածողության ու ընկալումների ալգորիթմը, և մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, քաղաքական առաքինության չափանիշ սահմանեն ոչ թե մեկ այլ մարդու՝ այլ գաղափարի, արժեհամակարգի, քաղաքական հայեցակարգերի և ծրագրերի հանդեպ հավատարմությունը: Սա բոլորովին չի նշանակում քաղաքական թիմակցի կամ առաջնորդի հանդեպ հավատարմության արժեքի նսեմացում:
Մարդկային փոխհարաբերակցությունը, զորակցությունը, որևէ գործում թիմակցությունը կարևոր հատկանիշներ ու անգամ առաքինություններ են, սակայն քաղաքականության՝ որպես հանրային և պետական զբաղմունքի հիմքում այդուհանդերձ պետք է լինի ոչ թե մարդու, այլ գաղափարի, հայեցակարգի, ծրագրի հանդեպ հավատարմությունը, որպեսզի Հայաստանում ավարտվի «մեկ մարդու» շուրջ կառուցվող պետական և կուսակցական համակարգերի «դարաշրջանը»:
Որպեսզի Հայաստանը դադարի լինել «մեկ մարդուց» կախված սուբյեկտ, անկախ, թե ինչ է այդ մեկ մարդու անուն ազգանունը և մարդկային ու քաղաքական նկարագիրը: Հայաստանը լինելով ռեսուրսներով համեստ պետականություն, պետք է իր համար ռեսուրսի վերածի նաև հասարակական-քաղաքական համկարգերի բարդությունը և բազմաշերտությունը: Հենց այդ հնարավորությունը մեծացնելու համար է կարևոր խորհրդարանական կառավարմամբ մոդելը, որը պայմանական, հարաբերական ասած՝ տալիս է «131 մարդու» համակարգ ձևավորելու հնարավորություն: Իսկ դա իր հերթին Հայաստանին տալիս է քաղաքական ավելի մեծ ճկունություն և շարժունակություն:
Բայց, այդ ամենի համար իհարկե շատ կարևոր է, որպեսզի քաղաքականության մեջ հայտնվեն քաղաքական մտածողության և էության կրողները, և հայտնվեն ու մնան ոչ թե մեկ մարդու շնորհիվ, այլ սեփական քաղաքական մտքի և ստեղծագործական ներուժի: Իհարկե, առավել շահեկան է հակառակը՝ «հանձնել» պետական հեռանկարների և անվտանգության ամբողջ պատասխանատվությունը մեկ մարդու, պահել միայն նրա հանդեպ հավատարմության պատասխանատվությունը, գցելով նրան այդ «թակարդը», իսկ պետությունն էլ գցելով «մեկ մարդու» մեխանիզմի թակարդը: Հայաստանն արդեն ունեցել է այդ մեխանիզմի կոնկրետ «զոհեր»: Հաջորդը լինելու է Փաշինյանը: Ամբողջ խնդիրն այն սակայն, որ բոլորի դեպքում անխուսափելի հետևանքներ լինում են Հայաստանի համար:











































