Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն ստորագրված կամ հայտարարված որևէ ուրիշ պայմանավորվածության հետ: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Անդրադառնալով հարցին, որ ՌԴ դիրքորոշմամբ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր՝ Փաշինյանն ասաց, որ այդ առաջարկությունը 2022թ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին տարածաշրջան էր բերել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ներկայացրել էր և Հայաստանին, և Ադրբեջանին: «Դրանից հետո ՌԴ ներկայացուցիչը՝ Խովաևը տարածաշրջան է եկել 2022թ սեպտեմբերին՝ստանալու Հայաստանի և Ադրբեջանի արձագանքը: Առաջինը այցելել էր Ադրբեջան, Ադրբեջանում եղել է սեպտեմբերի 11-12-ին, Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն Հայաստանի գրավոր և բանավոր դիմումներին՝ կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, չեն արձագանքել: ՀՀ-ն դրական է արձագանքել ՌԴ առաջարկին, որը ներկայացրել էր Խովաևը»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
«Այդ որոշումը Հայաստանի Հանրապետությունն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարող է Պրահայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունն անմիջական կապ կամ ազդեցություն ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարության վրա՝ վարչապետը պատասխանեց, որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա ԼՂ կարգավիճակին: «Այն պարտավորությունները, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ ուղղակի, ոչ անուղղակի կապի մեջ չեն որևէ ուրիշ փաստաթղթի, պայմանավորվածության հետ՝ ստորագրված կամ հայտարարված»,-նշեց նա:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ: «Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է»,- նշեց վարչապետը:
Նա նկատեց՝ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Ալմաթիի հռչակագրից տասնյակ տարիներ անց, ուրեմն Ալմաթիի հռչակագրին արված որևէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա: «Ավելին` ասեմ՝ եթե ԼՂ-ի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս ճանաչելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է ՌԴ-ն, որովհետև ՌԴ-ն է, որ 2020-ի դեկտեմբերին և նոյեմբերին հայտարարել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»,-ասաց վարչապետը:










































