Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիո Ամանոն հայտարարել է, որ ֆրանսիական ատոմակայաններից մեկում տեղի ունեցած վթարի մասին տեղեկանալուց հետո անմիջապես ակտիվացվել է այդ կազմակերպության արտակարգ իրավիճակների կենտրոնը: Վիեննայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ամանոն հայտարարել է, որ գործակալությունը պահանջել է Ֆրանսիայի կառավարությունից անհապաղ տեղեկություններ տրամադրել վթարի մասին: Նա ավելացրել է. «Ներկա պահին մենք գտնվում ենք սկզբնական փուլում»:
Ֆրանսիայի հարավում գտնվող «Մարկուլ» ԱԷԿ-ի ատոմային հումքի վերամշակման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ և վիրավորվել չորս մարդ: Նախնական տվյալներով, ռադիացիայի արտահոսք չի եղել:










































