Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության պատճառով Հայաստանի պաշտպանության նախարարը չեղարկել է իր այցը Կիպրոս: Ըստ կիպրացի նախարարի, այցը կկայանա ավելի հարմար ժամանակ: Երևանը արդեն երկու օր մի շարք նշաններով բավականին հստակ ցույց է տալիս, որ սպասում է սահմանային լարվածության, բախումների բռնկման, հայտնելով Ադրբեջանի զինուժի կուտակումների մասին: Բաքուն իր հերթին այսօր հայտարարել է, թե դրանք «մանիպուլյացիաներ» են, որոնց միջոցով իբրև թե Հայաստանը այսպես ասած ուշադրությունը շեղում է Ադրբեջանի տարածքային ամբողջության նկատմամբ իր հավակնություններից: Բաքուն հերթական անգամ հիշեցրել է Արցախից Հայաստանի զինուժը դուրս բերելու պահանջ:
Հնարավոր է, որ Հայաստանի ինտենսիվ քաղաքական և քարոզչական աշխատանքը ստիպել է Բաքվին առնվազն առկախել իր ռազմատենչ մտադրությունները: Մյուս կողմից, Բաքվի հայտարարությունը ամենևին չունի հնարավոր ռազմական սադրանքը բացառող բնույթ, այն համենայն դեպս բազմիմաստ է և թույլ է տալիս մտածել, որ Ադրբեջանը պարզապես շարունակում է իր ռազմական մտադրությունների պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու քարոզչական աշխատանքը, որի մի մասն էլ Բաքուն իրականացնում է իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին գրեթե ամենօրյա կեղծ հաղորդագրություններով: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևին էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով թե Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության, թե Հայաստանի հետ խաղաղության մասին, և ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ «խոստանալով ԱՄՆ ջանքի շարունակություն:
Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է Ալիևին ձեռնպահ մնալ սահմանային սրացումներից, դրա դիմաց «խոստանալով» ԱՄՆ աջակցությունը հայկական կողմին որոշակի համաձայնությունների բերելու հարցում: Արդյո՞ք դրա համար է նաև, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը փորձում է այս օրերին բավականին շոշափելի քայլերի միջոցով ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումում շոշափելի վերանայումների, այլ կերպ ասած Արևմուտքի հետ հարաբերությունը խորացնելու տպավորությունը, այդ կերպ նաև փորձելով առավել սրել Հայաստանի անվտանգության հարցում արևմտյան պատասխանատվության աստիճանը, հաշվի առնելով Ռուսաստանի դերի արդյունավետության մեղմ ասած խիստ նվազումը, իսկ որոշակի պարագաներում, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ ընդհուպ հակաարդյունավետությունը, միաժամանակ հաշվի առնելով նաև Հայաստանի համար բավականին ռիսկեր պաարունակող այն մոտիվացիան, որ ունի Արևմուտքը այս ռեգիոնում Ռուսաստանի պատասխանատվության տապալման հարցում:










































