ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հերթական անգամ հայտարարել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Զախարովան խոսում է 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի մասին, ինչի մասին խոսել է նաև նրա ղեկավարը: Ըստ այդ «խոսույթի», ռուս խաղաղապահների հանդեպ դիտողությունները այդ պարագայում անարդարացի են: Առերևույթ ստացվում է, թե Զախարովան ճիշտ է: Գործնականում սակայն՝ մեղմ ասած սխալ: Այսինքն, Զախարովան ոչ միայն սխալ է, այլ նաև զբաղված է մանիպուլյացիայով, ինչպես իր ղեկավար Լավրովը: Օրինակ, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր ղեկավար Պուտինը ստորագրել է եռակողմ հայտարարությունը, որում եղել են Լաչինի միջանցքի և ռուս խաղաղապահների վերահսկողության մասին արձանագրումները, նա չի՞ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Պուտինը նոյեմբերի 9-ից մի քանի օր անց հայտարարել է նույնիսկ, թե՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները Ադրբեջանի տարածք են»: Հարց է առաջանում, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրողներից ո՞վ է առաջինը հայտարարել այսպես ասած Ադրբեջանի տարածքային «ամբողջության» մասին՝ Երևա՞նը, թե՞ Մոսկվան:
Պուտինը կարծես թե Ռուսաստանի նախագահն է, ոչ թե Հայաստանը: Ըստ այդմ, այն, ինչի համար Զախարովան և նրա ղեկավար Լավրովը պարբերաբար «մեղադրում» են Երևանին, առաջինը, այն էլ դեռևս 2020 թվականի նոյեմբերին հայտարարել է իր երկրի ղեկավարը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը: Դրանից բացի, երբ 2022 թվականի մարտին տեղի ունեցան Փարուխ-Քարագլխի դեպքերը, Հայաստանը չէր հայտարարել ոչինչ, սակայն ռուս խաղաղապահները պարզապես դիտորդի դերում հետևել էին, թե ինչպես են ադրբեջանցիները վերցնում Փարուխն ու Քարագլխի մի հատվածը: Մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածի համար հնարավոր է թվարկել բազմաթիվ մեծ ու փոքր ծանրության օրինակներ, թե Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ինչպես է թույլ տալիս ադրբեջանական կողմին խախտել այն, ինչ արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:
Իսկ Հայաստանի հանրությունը ռուս խաղաղապահներին և ընդհանրապես Ռուսաստանին չի ներկայացնում դրանից դուրս որևէ պահանջ: Գուցե կան այդպիսի մեկ-երկու մարգինալ խմբեր, որոնց համար այդ թեման պարզապես ինքնանպատակ է, բայց Հայաստանի հանրության գերակշռող մասը ընդամենը անում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից բխող հարցադրումներ և ներկայացնում այդ փաստաթղթի բովանդակությունից բխող պահանջներ ու դիտողություններ: Բովանդակություն, որի ներքո կա ՌԴ նախագահ Պուտինի ստորագրությունը: Այո, այդ փաստաթուղթը պատասխանատվություն է ենթադրում նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության համար, Արցախի քաղաքական վերնախավի համար: Ավելին, այդ պատասխանատվությունը ենթադրվում է անկախ ամեն ինչից, պարզապես Հայաստանի և Արցախի իշխանություն, հետևաբար դրանից բխող անմիջական պարտավորությունների կրող լինելու բերումով: Բայց, Հայաստանի հանրությունը դրանից բխող պահանջները ներկայացնում է Երևանին ու Ստեփանակերտին, իսկ Մոսկվային ներկայացնում է այն պարտավորություններից և կարգավիճակից բխող պահանջները, որ ստանձնել է հենց ինքը՝ Մոսկվան: Հետևաբար, չկա որևէ անարդարացի պահանջ: Անարդարացի է այն, որ սեփական պարտավորությունները չկարատելու համար պատասխանատվությունը փորձ է արվում դնել Երևանի վրա:









































