Տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեսանյութ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որտեղ գիշերը ուշ հնչել են կրակոցներ, զինված անհայտ անձինք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ: Օգոստոսի 28-ի կեսօրին Արցախի ներքին գործերի նախարարությունը տարածեց տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվությունը: «Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ», ասված է Արցախի ՆԳՆ հայտարարության մեջ, նշելով, որ հարուցված է քրեական գործ: Էլ ինչ մանրամասներ ի հայտ կգան քրեական գործի շրջանակում, ցույց կտա ժամանակը: Թերևս աներկբա է, որ դեպի առնչությամբ լինելու են կասկածներ, թե արդյո՞ք այն պարզապես երկու անսթափ քաղաքացիների ձեռքի գործն է, թե՞ միջադեպը ունի այլ տողատակեր էլ: Այդ կասկածները անխուսափելի են լինելու, հաշվի առնելով ներարցախյան այն բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը, որ կա այսօր: Ընդ որում, մեծ հավանականությամբ կլինեն նաև կասկածներ, թե միջադեպը «բեմադրել» է հենց Արցախի նախագահը, այդ կերպ փորձելով ստեղծել իր համար՝ Արցախում ներքին կառավարման ուղղությամբ կոշտ քայլերի այսպես ասած ծանրակշիռ նախադրյալներ: Օրինակ, այդօրինակ մեղադրանքներ արցախյան ընդդիմադիր պատգամավորներից որոշները հնչեցնում էին նաև քաղաքական իրողությունների առնչությամբ:
Միով բանիվ, տեղի ունեցածը մեծ հավանականությամբ դառնալու է տարբեր վարկածների և գնահատականների առարկա, այդ թվում նաև տարատեսակ քաղաքական խնդիրներ լուծելու և այլ մանիպուլյացիաների համար, և այդ ամենը՝ անկախ քննության արդյունքներից: Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցածը՝ ինչ էլ որ այն լինի, խոսում է մի բանի մասին՝ իրավիճակը Արցախում գտնվում է «նյարդային խզման» եզրին: Անշուշտ, շատ կարևոր են լինելու մանրամասները՝ ամբողջական գնահատականի և հետևաբար դրանից բխող եզրակացությունների համար, բայց անկախ այդ ամենից մի բան թերևս կասկածից վեր է՝ «նյարդային խզման» աճող սպառնալիքը:
Դա թերևս նաև պաշարող թշնամու նպատակներից մեկն է, քանի որ՝ թերևս սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասից հետո, կամ ըստ էության դրան հավասար, կունենա Արցախի համար ամենածանր հետևանքը, խթանելով անկառավարելիության գործընթաց: Այդ խնդիրը բնականաբար առաջնային պատասխանատվության դաշտում պետք է դիտի Արցախի գործող իշխանությունը, բայց խնդիրը սեփական պատասխանատվության շրջանակով պետք է անցկացնեն նաև Արցախի մյուս բոլոր հասարակական-քաղաքական դերակատարները: Որովհետև, իրականություն դառնալու դեպքում, այդ վտանգը այլևս չի խնայելու և չի ենթարկվելու թերևս նրանցից որևէ մեկին: Առավել ևս, որ այդ ընթացքում, որևէ միջազգային հորդորի և քաղաքակրթության որևէ կանոնի չի ենթարկվում Ադրբեջանը, որի սահմանապահները օգոստոսի 28-ին Հակարիի կամրջի իրենց անցակետում առևանգել են Արցախի հերթական քաղաքացուն, այս անգամ 2001 թվականին ծնված երիտասարդ Ալեն Սարգսյանին, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան՝ ուսման նպատակով տեղափոխվող երիտասարդների խմբում էր:
Բաքուն ոչ միայն սպառնում է Արցախի առաջին պատերազմի մասնակից տղամարդկանց, այլ նաև երիտասարդներին: Այն, որ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների ներկայությամբ, դժբախտաբար վաղուց այլևս զարմանալի կամ տարակուսելի չէ: Միևնույն ժամանակ, երբ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ մարդ առևանգել նույնիսկ Կարմիր խաչի հովանուց, ապա ռուս խաղաղապահների մասին խոսելը թերևս ավելորդ է, նկատի ունենալով, թե Ադրբեջանն անցնող մոտ երեք տարիների ընթացքում իրեն էլ ինչեր է թույլ տվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությամբ, երբեմն նույնիսկ մասնակցությամբ: Արցախյան քաղաքական իշխանությունն ու քաղաքական դասը ի վերջո պետք է ստանձնեն ծանր իրավիճակում Արցախի քաղաքացիների անվտանգության հանդեպ իրենց առաջնային պատասխանատվությունն ու կայացնեն որոշումներ: Առկա իրավիճակում դա իսկապես շատ ծանր գործ է, սակայն որոշումների բացակայությունը բերելու է խնդիրների էլ ավելի ծանրացման:









































