Շրջափակման ընթացքում Ադրբեջանը Արցախին հասցրել է մոտ կես միլիարդ դոլարի վնաս, ըստ մասնագիտական խմբի իրականացրած հաշվարկների: Որքան երկարում է շրջափակումը, այնքան ավելանում է այդ վնասը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ կես միլիարդ դոլարի հաշվարկը այսպես ասած զուտ նյութական դաշտում չափումն է: Մինչդեռ, չափելի վնաս է նաև այն հոգեբանական հարվածը, որ իրավիճակը հասցնում է Արցախի բնակչությանը, այն ծանր զգացումներն ու ապրումները, որ ունենում են երեխաները, հղի կանայք, ծերերը, տարեցները, նաև ընդհանրապես բոլոր մարդիկ, որ արդեն ավելի քան յոթ ամիս գտնվում են պաշարման մեջ:
Այդ ամենը իր ազդեցությունն է թողնում հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, և, եթե ներկայումս հնարավոր չէ չափել առողջությանը պատճառված այդ վնասը, ապա դա ամենևին չի նշանակում, որ այն չկա և վաղը, մյուս օրը, շաբաթներ, ամիսներ և տարիներ հետո չի արտահայտվի այս կամ այն դրսևորումով, իր հերթին պահանջելով նորանոր ռեսուրսներ այդ հետևանքները մեղմելու համար: Այլ կերպ ասած, Արցախին պատճառվող տնտեսական, ռեսուրսային վնասն անհամեմատ ավելի մեծ է, քանի որ թիրախում է նաև մարդկային ռեսուրսը՝ իր ֆիզիկական, հոգեբանական, մտավոր կարողություններով: Ավելին, հարվածի այդ ուղղությունը թերևս ամենից վտանգավորն է, որովհետև զուտ նյութական վնասի վերականգնումը կլինի դժվար, ժամանակատար, մեծ ջանք պահանջող, այդուհանդերձ՝ համառ աշխատանքի շնորհիվ լուծելի խնդիր:
Մինչդեռ, ամենից ծանրը լինելու է մարդկային ռեսուրսին հասցվող վնասը, առավել ևս, եթե նկատի առնենք, որ հենց մարդկային ռեսուրսն է լինելու այն աշխատանքի հիմքում, որ պետք է վերականգնի Արցախին հասցված զուտ նյութական վնասը: Եվ սա իհարկե Ադրբեջանի պաշարման հակամարդկային քաղաքականության հաշվարկներից մեկն է, այսինքն, թիրախավորել Արցախի մարդկային ռեսուրսը, ոչ միայն ներկայացնելով վերջնագիր՝ կամ Ադրբեջանին հպատակություն, կամ հեռացում, այլ նաև թիրախավորելով այդ ռեսուրսի կենսունակությունն ու աշխատունակությունը, որպես իր համար նվազագույն նպատակ:
Եվ այդ ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, որն այսօր ուկրաինական պատերազմի ֆոնին առավել սուր է բանեցնում մարդկային, քաղաքակրթական հռետորաբանությունն ու նշաձողերը, սակայն միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլապես Ադրբեջանը անմասն չէր մնա այն ամենից, ինչ կիրառում են Ռուսաստանի հանդեպ, որովհետև Բաքուն գործնականում Արցախի հանդեպ մարդկային, արժեհամակարգային, քաղաքակրթական առումով անում է այն, ինչ Մոսկվան Կիևի հանդեպ, գործնականում բացահայտելով, որ քաղաքակրթական նշաձողերը այլ բան չեն, քան պարզապես քաղաքական կամ ռազմա-քաղաքական նպատակներին հասնելու ձողեր, որ ինչ որ պարանոցների վրա իջնում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:








































