Եմենի բանակը կարողացել է հետ գրավել «Ալ-Կաիդա»-ի ուժերի կողմից վերահսկվող Զինջիբար քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Եմենի պետական լրատվամիջոցներին:
Զինջիբարն ահաբեկիչների կողմից գրավվել էր այս տարվա մայիսին, երբ երկրում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում:
Նախորդ շաբաթ Եմենի զինված ուժերին հաջողվել էր հետ գրավել իսլամիստների կողմից վերահսկվող ևս մեկ քաղաք` Աբյանը:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերից օգտվելով` «Ալ-Կաիդա»-ի գրոհայինները Եմենում կարողացել էին գրավել ընդհանուր առմամբ 3 քաղաք:








































