«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ երեկ տեղի է ունեցել Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատը:
Հիշեցնենք, որ 20ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը ամուսնու` Յանիս Սարկիսովի պարբերաբար հասցվող դաժան ծեծերն էին:
Դատի ընթացքում վկայություն է տվել Զարուհու հարևանուհին` անչափահաս Է.-ն, ով նշել է, որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է նրա ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պահում էր որովայնի հատվածը:
Դատի ընթացքում նաև հրապարակվել են երկու այլ վկաների ցուցմունքները, որոնք այժմ գտնվում են ՀՀ-ի սահմաններից դուրս: Համաձայն այդ վկաների ցուցմունքների, նրանք ականատես են եղել, թե ինչպես է Յանիսը ծեծում իր կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված է եղել, որ Զարուհին ցանկացել է բաժանվել իր ամուսնուց և պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դարձել է անտանելի նրա պարբերաբար ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:
Ընթացքում հրապարակվել են նաև մի շարք ապացույցների հետազոտման արդյունքները:
Դատի ընթացքում պաշտպանող կողմը միջնորդություն է ներկայացրել հետագա դատական լսումները իրականացնել դռնփակ: Դատավորը մերժել է միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:









































