«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ամերիկայի ձայնի հարցին տված իր պատասխանում: Իսկ հարցը վերաբերել է ռուսական մամուլում եղած արտահոսքին, որում հղում անելով վաշինգտոնյան աղբյուրներին նշում էր, թե ԱՄՆ-ը փորձում է երրորդ երկրում կազմակերպել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփում և սպառնում է Արցախին, որ չհամաձայնելու դեպքում կլինի Ադրբեջանի հակաահաբեկչական գործողություն:
Պետքարտուղարության գոնե առկա արձագանքից պարզ չէ, թե Ռուսաստանի մամուլում եղած արտահոսքի ո՞ր մասն է ապատեղեկատվություն: Ապատեղեկատվություն է, որ փորձում են կազմակերպել շփու՞մ, թե՞ ապատեղեկատվություն է, որ սպառնում են Արցախին՝ չհամաձայնելու դեպքում Ադրբեջանի ինչ որ գործողությամբ: Համենայն դեպս, պետքարտուղարության պատասխանը բավականին բազմիմաստ է ու անորոշ: Հազիվ թե գտնվի մեկը, որը չողջունի Ստեփանակերտի և Բաքվի երկխոսություն: Հարցն այն է, թե ինչ է կատարվում գործնական հողի վրա: Անկասկած իրավացի է պետքարտուղարությունը, որ չի կարող լինել խաղաղություն առանց Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման: Բայց, օրինակ նույն պետքարտուղարությունն իր խոսնակի շուրթերով ողջունել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցին առնչվող բացահայտ շանտաժն ու սպառնալիքը, որ հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Ալիևը մայիսի 28-ի իր ելույթում: Պետքարտուղարության խոսնակն իհարկե չի ասել, որ ողջունում են սպառնալիքը, բայց ասել է, որ ողջունում են «համաներման» մասին Ալիևի հայտարարությունները:
Մինչդեռ, դրանք հնչել են սպառնալիքի ու շանտաժի բացահայտ տեքստում և համատեքստում: Իսկ առ այսօր չի հնչել պարզաբանում այդ «ողջույնի» կապակցությամբ: Մինչդեռ առաջանում է հարց՝ միթե՞ Ալիևի այդ ելույթը որպես համաներման միտք ողջունելը հենց «ճնշում» չէ Արցախի հանդեպ, որ՝ Ալիևի առաջարկները չընդունելու դեպքում նա կիրագործի իր սպառնալիքը, և չի ենթարկվի որևէ պատասխանատվության: Իհարկե այդ սպառնալիքը պետք է կանխի Ռուսաստանը, որը խաղաղապահ ներկայություն ունի Արցախում: Բայց պարզ է նաև, ու թերևս վաղուց նաև արցախցիների համար, որ Ռուսաստանն ունի՝ գոնե առայժմ, Արցախի հանդեպ սպառնալիք կանխելու մեկ միջոց և մեթոդ՝ ինչ որ բաղադրիչի շուրջ առևտրով բավարարել Ադրբեջանի ախորժակը, լինի Արցախի, թե Հայաստանի հաշվին: Համենայն դեպս այդպես է եղել մինչ այժմ, ու չկա որևէ նախադրյալ, որը թույլ կտա մտածել, որ այդպես չի լինի հետագայում: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է, որ Բաքվի հետ երկխոսությունը կամ շփումը Արցախի համար պաշտպանության միջոց է: Բայց, գործնական առումով դա ինքստինքյան ենթադրվող պաշտպանություն չէ, որովհետև կարող է լինել հակառակը, եթե այդ գործընթացը տեղի ունենա Ռուսաստանը «շրջանցելու» տրամաբանությամբ: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք կարող են անհանգստացնել բնականաբար միայն հայկական կողմին, որովհետև հենց հայկական կողմն է, որի վրա կարող է ընկնել որևէ «շրջադարձի» գին: Մինչդեռ, հենց դրանից խուսափելու մեխանիզմների շոշափելիությունն է, որ պետք է ապահովի որևէ երկխոսության՝ պաշտպանության միջոց, այլ ոչ թե թակարդ լինելու հեռանկարը:












































