Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի նահանգն ակտիվորեն պատրաստվում է սեպտեմբերի 11-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունենալիք պատարագին։ Վանի նահանգի Գևաշ շրջանում ավարտին են մոտենում դրա նախապատրաստական աշխատանքները։
1915 թվականից ի վեր դա կլինի Սուրբ Խաչ եկեղեցու 2-րդ պատարագը։ Ակնկալվում է, որ այս տարի, համեմատած նախորդ տարվա հետ, ավելի շատ զբոսաշրջիկներ ներկա կգտնվեն այդ արարողությանը։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա պատարագի ժամանակ եկեղեցու գմբեթին չէր տեղադրվել խաչը, ինչի պատճառով մի շարք հայկական համայնքներ բոյկոտել էին Աղթամարի պատարագը։
Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն հայտարարել է, որ նախորդ տարվա փորձը կնպաստի, որ այս տարի իրենք առավել լավ կազմակերպեն պատարագի անցկացման նախապատրաստական աշխատանքները. «Մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացրել կղզում, վերանորոգել ենք նավամատույցը, հյուրանոցները պատրաստ են ավելի շատ մարդ ընդունելու, մինչև պատարագի օրը տեղադրվելու են արտաքնոցներ ու վրաններ»։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել և որպես թանգարան բացվել է 2007 թվականին։ Սակայն դրանից միայն 3 տարի անց թուրքական իշխանություններն արտոնեցին տարեկան մեկ անգամ եկեղեցում պատարագ անցկացնել։ Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա ընդմիջումից հետո պատարագ մատուցվեց 2010 թվականի սեպտեմբերի 19-ին։











































