ՀՅԴ Գերագույն ժողովը արել է հայտարարություն, որում հնչեցնում է «համահայկական զորաշարժի կոչ»՝ Հայաստանի ու Արցախի ապագայի համար: Եթե փորձենք հաշվել, թե այդ կոչը որերորդն է ոչ միայն ՀՅԴ հայաստանյան գործունեության, այլ նաև ընդհանրապես Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անցնող երեք տասնամյակի ընթացքում՝ այլ տարբեր ուժերի, տարբեր միավորումների և շարժումների կատարմամբ, ապա թերևս կկորցնենք թիվը: Եվ այդ անթիվ ու անհամար «համահայկական զորաշարժերի» կամ «միասնությունների» մասին կոչերն են նաև, որ Հայաստանի պետական ընթացքը վերածել են մի մեծ բաժակաճառի, գործնական մակարդակում դրանում հանգելով լոկ մի երևույթի կայացածության՝ համակարգային կոռուպցիա, որն ախտահարել է պետական կենսագործունեության և հանրային համակեցության գրեթե բոլոր ոլորտները, հանգեցրել հետագա այն բոլոր հետևանքներին, որի համար այսօր բոլորը մեղադրում են միմյանց՝ նախկին ընդդիմություն-ներկայիս իշխանությունը նախկին իշխանություն-ներկայիս ընդդիմությանը, և հակառակը:
Համատարած այդ մեղադրանքների իրավիճակին Հայաստանն ու Արցախը հասել են այն պատճառով, որ պետական ու հանրային կյանքը անցնող մոտ երեք տասնամյակում քայլ առ քայլ տեղափոխվել է ոչ թե ինստիտուցիոնալ կայացածության, մասնագիտական խորքի վրա կառուցվող հարաբերությունների, այլ սեղանապետության դաշտ, որտեղ գնահատվել է նա, ով առավել աչքի է ընկել պաթետիկ հայրենասիրության դրսևորումներով: Որքան պաթետիկ են քաղաքական կոչերը, այնքան սուղ են քաղաքական գործերը: Հայաստանն ու Արցախը ապրելով քաղաքական պաթետիկ խոսքերի շռնդալից և հորդառատ հոսքի պայմաններում, ըստ էության քայլ առ քայլ հեռացել են քաղաքական գործի հեռանկարից:
Դա պետք է կանգներ գոնե 2018-ից հետո, սակայն մեծ հաշվով փոխվել են խոսքերի համատեքստերը, սակայն հասարակական-քաղաքական կյանքի հիմքը շարունակել է մնալ նույնը, պարզապես ռազմա-հայրենասիրական պաթոսին կամ փոխարինել, կամ ավելացել է հեղափոխական պաթոսը: Այսօր դրանք հայտնվել են հակադիր դիրքերում, ու շարունակում են ըստ էության խժռել քաղաքական գործնականության ապագան, որովհետև այդ խոսքի մեջ շարունակում է խեղդվել քաղաքական որևէ ռացիոնալ մտքի հեռանկարը: «Համահայկական զորաշարժը» չի կարող լինել ռացիոնալ երևույթ, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով:
Համահայկական ներուժը կարող է լինել հայկական պետականության ռացիոնալ ռեսուրս, բայց հենց այդ ռացիոնալությունը պահանջում է այդ ռեսուրսի հանդեպ զուսպ և առարկայական, ավելորդ պաթոսից զերծ հասցեականությամբ աշխատանք, թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս ապրող հայության հետ:
Լուսանկարը՝ panorama.am-ի








































