Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին և նրա կինը 7 ամիս տնային կալանքում գտնվելուց հետո, ի վերջո, թույլտվություն են ստացել հանդիպել իրենց զավակներին:
Մուսավին իր ընտանիքի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է. «Ներկա պայմաններում հնարավոր չէ հույս կապել խորհրդարանական ընտրությունների հետ»։
Իրանի խորհրդարանական հերթական ընտրությունները կայանալու են 2012-ի մարտին, և նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո դա առաջին ընտրությունն է, որ տեղի է ունենալու Իրանում:
Միր Հուսեյն Մուսավին նաև իր որդիներին հայտնել է, որ անվտանգության ծառայությունները խզել են իրենց բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ, անգամ օրաթերթի, ռադիոյի ու գրենական պիտույքների օգտագործումն էլ արգելել են:






































