«Եվրամիության ակտիվացումը կապված է ԼՂ հարցում Ռուսաստանի արձանագրած դիվանագիտական անհաջողություններով: Բնական է, որ այդ իրավիճակում ԵՄ-ն կարող է կարգավորման գործընթացին միջամտելու հավակնություններ ունենալ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին ակտիվորեն ներգրավվելու ԵՄ հավակնությունների մասին, կարծիք հայտնեց Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի վերլուծական բաժնի առաջատար փորձագետ, քաղաքագետ Մաքսիմ Մինաևը:
Քաղաքագետը նկատեց, որ Եվրամիությունն այսօր փորձեր է անում ընդարձակել իր ազդեցությունը Անդրկովկասում, ինչը սկզբունքորեն կարևոր է ԵՄ համար, քանզի այդ տարածաշրջանն այսօր դիտվում է, որպես միջանցիկ տարածք էներգետիկ ռեսուրսների փոխանցման համար. «Պարզ է, որ ԵՄ-ի հաստատուն ներկայությունը Հայաստանում և հատկապես Ադրբեջանում շատ կարևոր է»:
Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ի ներգրավվածությունը Մինսկի խմբի աշխատանքներին ի՞նչ ձևաչափով է լինելու, Մինաևը նկատեց, որ սկզբնական շրջանում ԵՄ-ն ուշիուշով կհետևի ՄԽ-ի, Ռուսաստանի գործունեությանը, իսկ հեռանկարում Բրյուսելը կարող է իր վրա վերցնել այն առաքելությունը, որն իրականացնում է Ռուսաստանը` դառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդը: Ըստ Մինաևի՝ հենց այդ նպատակին հասնելու համար են արվում բոլոր քայլերը, քանզի չափազանց տարօրինակ կլիներ, եթե Բրյուսելն իր առջև դներ փոքր` բանակցային գործընթացը խթանելու նպատակ. «Կարծում եմ՝ փորձեր են արվում հաստատել վերահսկողություն բանակցային գործընթացի վրա»:
Հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի սցենար, երբ Ռուսաստանը համաձայնի բանակցային գործընթացում իր առաջնային դերը հանձնել Եվրամիությանը՝ միայն այն պատճառով, որ այդ դերում հանդես չգա Միացյալ Նահանգները, Մինաևը պատասխանեց. «Ռուսաստանը երբեք չի համաձայնի հետխորհրդային տարածքից որևէ բան տալ որևէ մեկին, Ռուսաստանից կարելի է միայն վերցնել` չհարցնելով նրա կարծիքը, ինչպես և հաճախ անում է Միացյալ Նահանգները»:
Մինաևի գնահատմամբ՝ Կովկասում ԱՄՆ նշանակությունը չափազանցված է, և այս տարածքում վերջինիս հիմնական ջանքերն ուղղված են Վրաստանի աջակցությանը, իսկ այլ քայլերի համար, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ը ոչ հնարավորություններ ունի, ոչ էլ ժամանակ, բացառությամբ Ադրբեջանի հետ էներգետիկ հարաբերությունները. «Մնացած հարցերում Միացյալ Նահանգները հետաքրքրություն չի ցուցաբերում այս տարածաշրջանում, ավելի շուտ ցանկություն ունի առաջ տանել Թուրքիայի նշանակությունը տարածաշրջանում, ինչի համար էլ ԱՄՆ-ն առաջիկա ժամանակաշրջանում ժամանակ չի ունենա»:
Ըստ քաղաքագետի՝ եթե անգամ Ռուսաստանը որևէ զիջում կատարի, ապա դա պայմանավորված չի լինի Միացյալ Նահանգների գործոնով, քանզի նա համոզված է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում ունեն իրենց ազդեցության հստակ ոլորտները և այդ հարցում նրանց միջև, մեծ հաշվով, մրցակցություն չկա:











































