Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության ժամանակ ամբաստանյալներից մեկին` ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիին վկաներից մեկը մեղադրել է ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանական բրիգադի հրամանատար Էսամ Շոկին հայտարարել է, որ նախկին նախարարը մեղավոր է մարդկանց սպանությունների մեջ, իսկ Հաբիբ Ալ-Ադլին հայտարարել է, որ վկայի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը:
Սա առաջին դեպքն է, երբ վկաներից մեկը բացահայտ մեղադրում է նախկին նախարարին ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ:
Հիշեցնենք, որ այս տարի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած զանգվածային ելույթների արդյունքում փետրվարի 11-ին հրաժարական էր տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում էր 1981թվականից: Ցույցերի ժամանակ զոհվել էին հարյուրավոր մարդիկ:











































