
Հունիսի 3-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որի վերաբերյալ պայմանավորվածության մասին հայտարարվեց մայիսի 25-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո: Ըստ ազդարարվածի, աշխատանքային խմբի նիստը քննարկելու է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը: Դրանց վերաբերյալ «հերթական» առաջընթացի մասին հայտարարվեց դեռևս մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումից հետո, որոշակի արձանագրում եղավ մայիսի 14-ին Մոսկվայում, բայց որևէ կերպ մանրամասնված չէ՝ թե Բրյուսելից, թե Մոսկվայից հետո, ի վերջո ինչի՞ հարցում է համաձայնությունը կամ առաջընթացը: Փոխարենը, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն օրերս հայտարարեց, որ կողմերի միջև տարակարծությունները տեխնիկական են և վերաբերում են սահմանազատումների ռեժիմին: Դա ենթադրում է թերևս նաև հաղորդուղիներով ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների վերահսկման ռեժիմին: Հայտարարվում է, որ անքննելի են երկրների սուվերենության հանգամանքները:
Հայաստանը հայտարարում է, որ չի կարող լինել որևէ արտատարածքային միջանցք: Բայց, ի՞նչ կարող է լինել, չգիտե կամ չի ասում ոչ ոք: Միակ շոշափելին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, որը սակայն ենթարկվում է տարբեր մեկնաբանությունների: Միաժամանակ, առկա է խնդրի առանցքային՝ աշխարհաքաղաքական համատեքստը: Կովկասի ապաշրջափակումը գործնականում ցանկալի է բոլոր ուժային կենտրոնների համար, սակայ նրանցից յուրաքանչյուրը կամ մեծ մասը ունի այդ ապաշրջափակման առնչությամբ ուրույն ռազմավարական պատկերացում ու նպատակ: Օրինակ, Արևմուտքի համար, մասնավորապես արևմտյան առաջատար ԱՄՆ համար կարևոր է Ռուսաստանի և Իրանի ազդեցության ուժգնացում թույլ չտալը: Ռուսների և Իրանի համար հակառակն է՝ ապաշրջափակումը մասնավորապես Մոսկվայի համար դիտվում է իր ազդեցությունը մեծացնելու տրամաբանության մեջ: Սրանով իհարկե պատկերացումները չեն սահմանափակվում, դրանք բավականին բազմաշերտ են ու շատ, իսկ դերակատարները շատ ավելին, քան ԱՄն, Ռուսաստան կամ Իրան: Կրկնեմ բազմիցս արտահայտած միտքս, որ Կովկասը այլևս ոչ միայն զուտ ամերիկա-ռուսական, և ոչ այնքան ամերիկա-ռուսական, որքան ամերիկա-չինական մեծ դիմակայության ազդեցության ներքո է, որտեղ կա նաև Բրիտանիա, կա Հնդկաստան, իր շահերն ունի Ֆրանսիան, Գերմանիան է մտնում առավել անմիջական դերի ակնկալիքով, անգամ Եգիպտոսի նախագահն էր փետրվարին ռեգիոն այցով ներկայացնում հաղորդուղիների համար պայքարի հայտ: Այդ բազմազան ու բարդ հանգույցի, այդ խրթին խճանկարի պայմաններում իրատեսակա՞ն է աշխատանքային խմբի որևէ արձանագրելիք առաջընթաց: Իրավիճակային, ընթացակարգային առումով՝ գուցե, սակայն բովանդակային առարկայականության տեսանկյունից այդ բաղադրիչը առանձնապես առավել հասանելի չէ, քան խաղաղության պայմանագիր ասվածն ու դրանում հակադիր սկզբունքային մյուս մոտեցումները: Այդուհանդերձ, այդ ամենը բնականաբար ոչ թե աշխատանքից հրաժարվելու, այլ հակառակը՝ թե ապաշրջափակման, թե նաև խաղաղության հեռանկարի շուրջ Հայաստանի առավել ինտենսիվ աշխատելու հրամայական են, քանի որ բուն խնդրից զատ, գործընթացը լայն իմաստով ունի բազմաթիվ ճյուղավորումներ այլ ուղղություններով՝ շահագրգիռ կողմերի հետ թե երկկողմ, թե բազմակողմ հարցերի քննարկման համատեքստում: Ամբողջ հարցն այն է, որ աշխատանքային այդ արդյունավետության հիմքը շարունակում է լինել Հայաստանում արդյունավետ կառավարումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ