Յարոսլավլում ընթացող «Համաշխարհային քաղաքական համաժողովի» ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Զբիգնև Բժեզինսկին առաջարկել է մինչև 2050թ. ստեղծել նոր Համագործակցություն, որը ծավալվելու է կանադական Վանկուվերից մինչև Ռուսաստանի Վլադիվոստոկ: Նրա խոսքերով, այս պահին «համաշխարհային կայունությունը կարող է կայանալ միայն համագործակցության շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կայսերական գերակայությամբ»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Բժեզինսկու գնահատականներով, «արդիականացման և ժողովրդավարացման գործընթացը Ռուսաստանում կարևոր է ամբողջ աշխարհի համար՝ ընդհանուր առմամբ, և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Չինաստանի հետ ավելի մեծ համագործակցության հնարավորություն է տալիս»: Նա կոչ է արել փոփոխություններ իրականացնել և արդիականացնել ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը` ապագայում նոր Համագործակցություն ստեղծելու համար: