Պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն օրակարգում չկա,- Բրյուսելում «German Marshall Fund»-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Միջոցառմանը քննարկվել են Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Բոլորն էլ գիտակցում են, որ պատերազմի կեսից անդամակցելը օրակարգային չէ։ Հարցն ավելի շատ այն է, թե ինչ կլինի, երբ պատերազմն ավարտվի»,- ասել է Ստոլտենբերգը։
Միաժամանակ Ստոլտենբերգը հաստատել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը։
«Մենք բոլորս համաձայն ենք, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է նոր անդամների համար, և որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու Ուկրաինան պետք է որոշեն, թե երբ նրանք միանան, այլ ոչ թե Մոսկվան: Ռուսաստանը վետոյի իրավունք չունի: Մենք նաև համաձայն ենք, որ այժմ ամենահրատապ և կարևոր խնդիրն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան, անկախ երկիր։ Որովհետեւ եթե Ուկրաինան չհաղթի, անդամակցության հարցը չի քննարկվի»,- ասել է Ստոլտենբերգը։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշնակիցները առնվազն կհամաձայնեցնեն մի ծրագիր, որը Ուկրաինային կմոտեցնի ՆԱՏՕ-ին և ավելի համատեղելի կդարձնի դաշինքի հետ։