Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին Եվրո-2012-ի նախընտրական մրցաշարի շրջանակներում Բաքվում տեղի ունեցած «Ադրբեջան-Ղազախստան» ֆուտբոլային հանդիպման (3։2) ժամանակ հնչել են քաղաքական կարգախոսներ։
Խաղի ընթացքում երիտասարդ երկրպագուների մի մեծ խումբ հակաիրանական կարգախոսներ է հնչեցրել և պարզել Իրանի հյուսիսում ընկած Ուրմիա լճի բնապահպանական խնդիրների լուծման պահանջով պաստառներ։
Ադրբեջանցի ֆանատները վանկարկել են «Թող Ադրբեջանը լինի միացյալ՝ Թավրիզ մայրաքաղաքով», «Ամբողջական Ադրբեջանը կփրկի Ուրմիան» և այլն։ Արդյունքում՝ ադրբեջանական ոստիկանությունը ստիպված է եղել ձերբակալել 9 ակտիվիստի։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Իրանի ադրբեջանական բնակչությունը բողոքի ակցիաներ էր ծավալել՝ պահանջելով չորացումից փրկել Ուրմիա լիճը, որից կախված է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։
Դրա արդյունքում Իրանի կառավարությունը 900 միլիոն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացման կանխմանն ուղղված միջոցառումների անցկացմանը, որոնց թվում է նաև Արաքս գետի ջրերի օգտագործումը, ինչը, սակայն, կարող է խնդիրներ առաջացնել Ադրբեջանի հետ։







































