Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։
«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից», – գրել է Քըլըչդարօղլուն:
Մոսկվան առայժմ չի արձագանքել Թուրքիայի նախագահի թեկնածուի հայտարարությանը:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը։
Մոսկվան Էրդողանի իշխանության օրոք՝ հատկապես վերջին տարիներին, ակտիվ համագործակցում է Անկարայի հետ։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին հրաժարվեց միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը համարում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրվելու մեծ հավանականություն ունի.«Այո՛, նախընտրական այս շրջանում Քըլըչդարօղլուն իսկապես դիրքավորվում է հակառուսական, ավելի շուտ՝ հակապուտինական դիրքերում։Այս պահի դրությամբ նա առաջատարն է, սակայն հնարավոր է՝ Էրդողանը վարչական լծակներ ու ընտրակեղծարարություն կիրառի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Խուդավերդյանի՝ նույնիսկ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Հայաստանի հետ կապված նախապայմանները չեն փոխվում.«Այդ հարցում նրա ու Էրդողանի միջև էական տարբերություններ չկան»։
Դիտարկմանը, թե Հայաստանի համար մի իրավիճակ է, երբ գործում է Պուտին-Էրդողան տանդեմը և հնարավոր է այլ իրավիճակ լինի, երբ ավելի արևմտամետ հայացքներով նախագահ լինի Թուրքիայում, մեր զրուցակիցն արձագանքեց.«Իմ կարծիքով՝ Հայաստանի համար առավել շահավետ կլինի, եթե Թուրքիայում իշխանության լինի Քըլըչդարօղլուն, քանի որ Պուտին-Էրդողան երկու բռնապետերի տանդեմը մեզ ոչ մի բան չի տվել առ այսօր։ Ավելին՝ այդ տանդեմը Հայաստանի համար բավականին վտանգավոր է։Իսկ Քըլըչդարօղլուն ավելի նախընտրելի է,քանի որ առ այս պահին արևմտամետ դիրքերից է հանդես գալիս, իսկ արևմուտքը շահագրգռված է այստեղ խաղաղությամբ, անվտանգության պահպանմամբ ու բարեկեցությամբ»։
Մեր հաջորդ դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահի խոսնակ Քալընը դժգոհել էր, թե արևմուտքը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա հայկական նախապայմանները կատարելու հարցում, Խուդավերդյանը պատասխանեց.«Արևմուտքն այո՛, հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ, սակայն չեմ կարծում, որ առանց նախապայմանների է դա պատկերացնում։ Համենայնդեպս պաշտոնապես այդպիսի հայտարարություններ չենք տեսել։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի գրասենյակի հայտարարություններին, ապա նրանք շատ հեռուն են գնացել, նույնիսկ Քըլըչդարօղլուին մեղադրում են թուրք-ադրբեջանական մերձեցման դեմ պայքարելու համար։ Այսինքն՝ Էրդողանի գրասենյակի հայտարարությունները շատ ժամանակ բանականությունից դուրս են»։
Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ եթե Էրդողանը վարչական լծակներ ու ընտրակեղծարարություն քիչ կիրառի, ապա անշուշտ կհաղթի ընդդիմադիր թեկնածուն.«Իսկ եթե նույնիսկ Էրդողանը հաղթի, ապա չեմ կարծում, թե այնքան մեծ առավելությամբ կհաղթի, որ խորհրդարանում միաձայն իշխի։ Այսինքն՝ անկախ սպասվելիք ընտրությունների արդյունքից, Էրդողանը դիրքերը թուլանում են։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը Հայաստանի հետ կապված մշակվել է 1990-ականների սկզբին ու արդեն հստակ նախապայմանները կան։ Թուրքիայի բոլոր իշխանությունները դա պահել են ու չեմ կարծում, թե Քըլըչդարօղլուն դա չանի։Իսկ նախապայմանն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, որից հետո սահմանների բացում ու դիվանագիտական հարաբերություններ լինեն։ Իսկ 1915 թվականի դեպքերի առումով կողմերը պետք է միմյանց հետ համաձայնության հասնեն, տարածքային որևէ պահանջ չունենան»։