Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրերս անդրադարձել էր Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթին՝ նշելով, որ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժմանն ի պատասխան դաշինիքի հերթական՝ 11-րդ փաթեթը, ըստ ֆոն դեր Լայենի բաղկացած է երեք մասից, այդ թվում՝ նախատեսվում է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։
ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք թույլ չեն տա երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։
Նրա խոսքով՝ եթե տեսնեն, որ եվրոպական ապրանքները գնում են երրորդ երկրներ, իսկ հետո հայտնվում են Ռուսաստանում, Եվրահանձնաժողովը կարող է անդամ երկրներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել այդ ապրանքների արտահանման դեմ, քանի որ ականատեսն են «չափազանց անսովոր առևտրային հոսքերի» աճի։
Այս առնչությամբ՝ տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ այդ ցանկը կոնկրետանա, նաև պատժամիջոցների կամ ահմանափակումների մեխանիզմները կոնկրետանան, այդ ժամանակ կարելի է գնահատական տալ: Այն, որ մեր մասով որոշակի ռիսկեր կան, ակնհայտ է: Համենայնդեպս, հրապարակումները, որոնք այս առնչությամբ եղան, հենց այնպես, դատարկ տեղի վրա չեն: Դրանք ինչ-որ առումով կարելի է նախազգուշական ակնարկ համարել, որին անպայմանորեն հետևելու են որոշ գործողություններ տարբեր մասշտաբի, և այդ գործողությունների մասշտաբը կախված է նաև նրանից, թե մենք ինչ աշխատանքներ այստեղ կտանենք: Այստեղ լուրջ աշխատանք կա անելու և ԵՄ գործընկերների հետ, և ԱՄՆ-ի համապատասխան կառույցների հետ՝ իրավիճակը նկարագրելու, հասկանալու իրենց մտավախությունները, ռիսկերը: Ի վերջո, էնտեղ կան երկակի նշանակության ապրանքների հետ կապված հարցեր: Այսինքն ապրանքներ, որոնց դետալները կարող են նաև ռազմարդյունաբերության մեջ օգտագործվել: Եթե այդպիսի խնդիր կա, մենք աշխատանք ունենք անելու, եթե հարցը վերաբերում է զուտ կենցաղային նշանակության ապրանքների մասով ռուսական շուկան հագեցնելուն, դա բոլորովին այլ խնդիր է: Պետք է հասկանալ խնդիրները, մեր փաստարկները ներկայացնել և հարցերին լուծում տալ»:
Քթոյանը նկատեց, որ այս հարցերին լուրջ պետք է վերաբերվել և չսպասել, որ այդ ցանկերը հայտնվեն և մենք պոստ ֆակտում արձանագրենք այնպիսի իրողություններ, որոնք մեզ համար իրավիճակի վատթարացում կլինեն:
Դիտարկմանը, որ վերարտահանման հնարավոր սահմանափակումները կարող են ի չիք դարձնել այն բարձր տնտեսական աճը, որով Հայաստանը վերջին շրջանում հպարտանում է, Քթոյանն ասաց. «Այո, սարքեր, սարքավորումներ, ավտոմեքենաներ, կենցաղային սարքեր, էլեկտրատեխնիկական արտադրանք, առանձին ապրանքատեսակների գծով մենք ունենք արտահանման տասնապատկում: Այստեղ այնպես չէ, որ մեկ ապրանքախմբի սահմանափակումը կարող է հանգեցնել ամբողջ արտահանման սահմանափակման: Այո, որոշ ապրանքախմբեր ռիսկային են դիտվում, բայց կան ապրանքախմբեր, որոնք շատ մեծ ռիսկեր չեն պարունակում:
Մյուս կողմից էլ մենք պետք է գիտակցենք, որ վերարտահանմամբ և ռուսական շուկայում ազատ խորշերը լցնելով արտահանումն ընդլայնելով մենք ոչ թե արձանագրում ենք մեր տնտեսության արտաքին մրցունակության աճը, այլ պարզապես որպես այլընտրանք ենք հանդես գալիս, որը մրցունակության բարձրացման հետ շատ մեծ առնչություն չունի: Վաղ, թե ուշ այդ սահմանափակումները լինելու են, այդ խորշերը փակվելու են և մենք պետք է փորձենք այլ բան առաջարկել»:
Տնտեսագետի խոսքով՝գ նալով բարդանալու է անարգել վերարտահանումը Հայաստանից Ռուսաստան. «Մենք վաղ, թե ուշ, պետք է նորից առերեսվենք տնտեսության մրցունակության բարձրացման, այլ շուկաների որոնման, արտահանման դիվեիսֆիկացիայի խնդրի հետ: Ինչ-որ չափով նույնիսկ այդ սահմանափակումները մեզ հնարավորություն կտան արտահանողների հայացքը շրջել նաև այլ շուկաների ուղղությամբ, այլապես ստացվում է, որ ռուսական շուկաները կլանում են մեր արտահանման նույնիսկ արդեն կեսից ավելին: Սա կարճաժամկետ արդյունքների տեսանկյունից գուցե լավ է, բայց մեկ շուկային կախվածության առումով, շատ այլ գործոններով պայմանավորված այնքան էլ լավ չի»:









































