Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսին ու Մոսկվան կարող են ամբողջովին խզել իրենց հարաբերությունները։ Խոսքը Թբիլիսիում ու Մոսկվայում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը կից սեկցիաները փակելու մասին է։
Դիվանագիտական սկանդալի համար հիմք կարող է հանդիսանալ վաճառքի նպատակով Մոսկվայում «Թբիլիսի» հյուրանոցային տունն աճուրդի դնելը։ Վրացական իշխանությունները դա համարում են իրենց սեփականությունը։
Այս կապակցությամբ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ այդ շենքն ապօրինի բռնագանձվել է 2006 թվականին, որով և խախտվել է Վիեննայի կոնվենցիան. «Վրացական կողմն այս տարվա հուլիսի 26-ին Ռուսաստանին նոտա հղեց՝ պահանջելով վերադարձնել շինությունը, սակայն այն անպատասխան մնաց։ Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ շինությունը հանվել է վաճառքի»։
Կալանդաձեն ուշադրություն է հրավիրել այն «տարօրինակ համընկնման» վրա, որ շինությունը վաճառքի է հանվել այն նույն օրը, երբ անջատվել էր Վրաստանի սեկցիայի էլեկտրաէներգիան։








































