Ֆինն գիտնականներին չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել աշխարհի հնագույն գարեջրի բաղադրությունը: Այդ ըմպելիքով մի քանի շիշ անցած տարի դուրս էր բերվել Ալանդյան կղզիների մոտ: Այս մասին հաղորդում է RBC-ն: 2010 թ. հուլիսին դայվերները Բալթիկ ծովի հատակին հայտնաբերել էին երկկայմանի նավ, որը սուզվել էր 1800-ականների սկզբին: Այն Կոպենհագենից Սանկտ Պետերբուրգ էր տեղափոխում ալկոհոլային բեռներ, որոնք նախատեսված են եղել Ռուսաստանի ցարական ընտանիքի համար:
Հայտնաբերվածի մեջ եղել էր մի քանի շիշ գարեջուր, շամպայնի երեք տեսակներ, որոնք վաճառվել էին աճուրդի ժամանակ: Բեռը ջրի տակից դուրս բերելուց հետո այն հայտնաբերողները դիմել էին մասնագետներին` գարեջրի բաղադրությունը վերականգնելու համար: Թեպետ ֆինն մասնագետները նշել էին, որ խմիչքի մեջ ջուր է ներթափանցել, ինչի հետևանքով հնարավոր չէ բաղադրությւոնը վերականգնել, այդուհանդերձ, հայտնաբերել են մի քանի յուրօրինակ տարրեր:
Բաղադրության սովորական տարրերի մեջ հայտնաբերվել է նաև մի համ, որը թթվություն է հաղորդել գարեջրին, սակայն քանի որ ջուրը որոշակի ազդեցություն է ունեցել շշի պարունակության վրա, ապա այդ նյութը վերջնական սահմանում չի ստացել:












































