Արմավիրի սահմանամերձ Վարդանաշեն գյուղն այսօր մոտավորապես 200 տնտեսություն ունի, շատ գյուղերի նման ջրի և գյուղատնտեսության հետ կախված մի շարք խնդիրներ ունի: Սակայն այսօր ոչ այնքան ջրի հարցն է մտահոգիչ, այլ այն, որ ամբողջ գյուղից ընդամենը երեք ընտանիք գյուղատնտեսական վարկ չունի ձևակերպած: Վերցրել են, որ հող մշակեն, արդյունքում՝ բերքը չի ստացվել, վարկը չեն կարողանում մարել, ու հիմա տներն են դրել վաճառքի:
«Մեկ հեկտար վարը 50-60.000 դրամ արժե, արի էդ վարձը տուր, վառելանյութը թանկացրին, 10.000 դարձրին, ջուրը՝ թանկ, ամբողջ մեխանիզացիան՝ թանկ, գյուղացու վրա այս մի կգ վարունգը, իմ մոտավոր հաշվարկով, կնստի 360-380 դրամ, իսկ վաճառում ենք 100-120 դրամով»,- հաշվարկներ է անում մասնագիտությամբ տնտեսագետ, 70-ամյա ծերունին` բնութագրելով գյուղի կյանքը ճղճիմ և անհաջող. «Գյուղացին ապրում է սարսափելի կյանքով, այս բանկերը թալանեցին, խժռեցին գյուղացուն, կողիքս հարևան տունը դրված է վաճառքի բանկի կողմից: Ժողովրդի ջարդ կիրականացնի մեր Հայաստանի կառավարությունը»:
«Բանկից վերցրել են, հող մշակել, մարդ կա՝ բախտը բերել ա, աճել ա, տանում ա բանկի փողը մուծում, մարդ էլ կա բերքը հելել-չորցել ա, որտեղի՞ց կուտա, կտան դատ ու դատարան, օրինակ` սաղի ձմերուկը չորացավ էս տարի»,- ասում է Լյուսյա տատը:
Հրաչի տունը արդեն դրված է վաճառքի. «60 տարեկան եմ, փիս տարիք ա, ո՛չ թոշակի եմ, ո՛չ էլ կարող եմ աշխատանք գտնել, բա ես ո՞նց ապրեմ, այս տարիքիս գնամ գողությո՞ւն անեմ, հողի հետ կռիվ եմ տալիս, բայց հողի մեջ էլ արդյունք չկա: Բանկից վարկ եմ վերցրել ու չեմ կարողանում փակել, հիմա էլ դատարան, բան-ման, նեղում են, տունը ծախում եմ, որ փակվել կարողանամ, դե հասկանում եմ`վերցրել եմ, պետք ա տամ»,- ասում է Հրաչը` ավելացնելով` հիմա այսպես է այստեղ կյանքը. հողը եկամուտ տվեց՝ կապրենք, չտվեց՝ չենք ապրի: Ի դեպ, վարկը գյուղացիները հիմնականում ձևակերպել են ACBA-Credit Agricole բանկի Էջմիածնի մասնաճյուղում:
Սարգիս պապը, անցյալի գիրկն ընկնելով, հիշում է, որ դեռ խորհրդային տարիներին Մացակ Պապյանը (ի տարբերություն մեր այսօրվա վարչապետի և գյուղնախարարի, ովքեր այս գյուղի տեղն անգամ չգիտեն) յուրաքանչյուր ջրվորի հետ բարեկամ էր, ծանոթ էր, նրա ամեն ինչը գիտեր. «Մենք` գյուղացիներս, կորած-մոլորած մարդիկ ենք, քաղաքացու մասին էլ չեմ ասում»:
Բացի այս բոլոր խնդիրներից, կա Վարդանաշենում արտագաղթի մեծ ալիք. «Կողքիս տնից 26 հոգի Ֆրանսիա գնացին, ցանկացած օր, ժամ այստեղ արտագաղթ կա, ես ասել եմ, որ եթե միջոցառումներ չիրականացվեն, կմնանք ծերերս, անաշխատունակ և հիվանդ մարդիկ, վարչապետը, նախագահը և 23 նախարարարները»:
Իսկ նախընտրական խոստումներին էլ չեն հավատում, ինչպես իրենք են ասում` տառապանքը փորձ ունի, քանի որ հասկացել են`ժողովրդի հոգսը քաշող չկա:
Ի դեպ, գյուղատնտեսական վարկերը հիմնականում, ինչպես վարդանաշենցիներն են նշում, իրականացրել են ACBA-Credit Agricole բանկի կողմից:
«Առաջին լրատվականը» բանկին հարցում է ուղարկել` պարզելու`վերջին երկու տարիների ընթացքում քանի՞ գյուղատնտեսական վարկ է ձևակերպվել, և դրանցից քանի՞սն են այսօր կանգնած «կրախի» առաջ:







































