Արաբական աշխարհում մեծ անհամբերությամբ սպասում էին այդ երկրները միավորող Արաբական երկրների լիգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի՝ Դամասկոս այցին, սակայն այն հետաձգվել է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սիրիայի իշխանությունները խնդրել են Ալ-Արաբիին հետաձգել այցը «իրենցից չկախված պատճառներով»: Սպասվում էր, որ Ալ-Արաբին կփորձի կանխել արյունահեղությունն այդ երկրում և հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:
Երեկ ԱՄՆ-ն Սիրիայի իշխանություններին հերթական անգամ մեղադրել է խաղաղ բնակչության սպանության մեջ: Այդ երկրի դեսպանը Դամասկոսում ասել է, թե, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զոհերի մեջ կան նաև անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ, այդուհանդերձ, արյունահեղության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի ռեժիմի վրա:








































