«ՀԺ»-ն գրում է, որ «Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, մաքսային կոմիտեի նախկին նախագահ Ա. Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել։
Այս մասին թերթին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը։
«Կարապետյանը երկու շաբաթ առաջ ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում բարդացումներ են եղել։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է, որ նրան կարելի է դուրս գրել ու տեղափոխել «Նուբարաշեն» ՔՀԿ։ ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ»։
Ըստ Զաքարյանի` փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի։ «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,– թերթին ասել է փաստաբանը։











































