Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «ֆոտոշոփ» և «կեղծ արտահոսք» է անվանել ուկրաինական հակահարձակում նախապատրաստելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլանների արտահոսքը։ Այս մասին հաղորդում է Միխայիլ Պոդոլյակի գրառումը Twitter-ում:
З розпаду СРСР 🇷🇺 розвідка деградувала настільки, що єдиний спосіб відмитися від «солсберівських пригод», «триденних планів» та інших провалів це фотошоп та «віртуальні псевдозливи». Москві надто хочеться зірвати 🇺🇦 контрнаступ. Але справжні плани росіяни побачать на полі. Скоро
— Михайло Подоляк (@Podolyak_M) April 7, 2023
«Մոսկվան շատ է ցանկանում խափանել ուկրաինական հակահարձակումը: Բայց ռուսները իրական պլանները կտեսնեն ռազմի դաշտում: Շուտով», – գրել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, The New York Times-ը, վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ սոցցանցերում հրապարակվել են ուկրաինական պատերազմի հետ կապված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պլանները՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող հարձակման հետ:
Փաստաթղթերը հայտնվել են ռուսամետ ալիքներում։ NYT-ն նշում էր, որ դրանք կարող են փոփոխության ենթարկված լինել։
Փաստաթղթերը ներկայացվել են լուսանկարների տեսքով, դրանցում նշվում են զենքի ակնկալվող մատակարարումները, զենքերի և գումարտակների կարողությունները, ուկրաինական զինվորական ստորաբաժանումների վերապատրաստման ժամանակացույցերը և թվաքանակը:
Պենտագոնը հետաքննում է, թե ով կարող է կանգնած լինել փաստաթղթերի արտահոսքի հետևում, որոնք հայտնվել են Twitter-ում, ինչպես նաև Telegram-ում, որն ունի ավելի քան կես միլիարդ օգտատեր և լայնորեն հասանելի է Ռուսաստանում: