Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունենցավ Կարին Հովհաննիսյանի` քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու «Գերդաստան ստվերաց» (Family of Shadows) գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:
Շնորհանդեսին, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, Հովհաննիսյան ընտանիքի անդամները, ասեղ գցելու տեղ չկար:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Մի գերդաստանի պատմություն է հիմքում: Շատ ծանր ընթերցվող, բայց ընթերցողին մագնիսի պես էջ առ էջ տանում է իր հետևից»,- ասաց Լ.Անանյանը` ավելացնելով, որ դժվարանում է ասել, թե գիրքը ժանրային առումով ինչ ստեղծագործություն է:
Ելույթ ունեցավ նաև գրքի թարգմանիչը`Սամվել Մկրտչյանը: «Թերթելով գիրքը` հասկացա, որ Կարին Հովհաննիսյանը շատ ծանր բեռ է վերցրել իր ուսերին: Սովորաբար այդպիսի գերդաստանի պատմությունը գրում են շատ հասուն տարիքում, բայց Կարինը ստանձնել է այդ պատասխանատու գործը: Դասական իմաստով այն հուշագրություն է»,- ասաց թարգմանիչը` նշելով, որ Կ.Հովհաննիսյանը պատվով է դուրս եկել իր առջև դրված խնդրից:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ որդին «Հայաստան է վերադարձրել իր գերդաստանի պատմությունը, որն արտացոլանքն է մեր ազգի, մեր ժողովրդի երկարատև պատմության ճախրանքների ու էջքերի»:
«Գերդաստանի այս պատմությունն սկսում է իմ պապիկ Գասպարից, շարունակվում է իմ հոր`Ռիչարդի ու իմ սերունդով»,- նշեց Ր.Հովհաննիսյանը`կատակով ավելացնելով, որ գրքում անդրադառնալով իր ազգականների կենսագրության «մութ» էջերին, միայն անաղարտ է մնացել «Կարինի ներշնչանքի աղբյուրը` նրա սրբության սրբոցը`մայրը»:
Գիրքը կվաճառվի հայաստանյան գրախանութներում: Գրքերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը:









































