Եվրոպացիների 38%-ը տառապում է հոգեկան խանգարումներով, ինչի պատճառը սթրեսն է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով Եվրոպայի նյարդադեղագործական քոլեջի այսօր հրապարակած զեկույցին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի հոգեբան Մեթ Մույենը հայտարարել է, որ 38% ցուցանիշը վկայում է, որ Եվրոպայում հասարակության կյանքը սթրեսի լուրջ ազդեցության տակ է:
Գիտնականները Եվրամիության 27 երկրներում և Շվեյցարիայում, Իսլանդիայում ու Նորվեգիայում հետազոտել են ավելի քան կես միլիարդ մարդու, այդ թվում` երեխաների: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 165 միլիոն մարդ տառապում է հոգեկան 90 տարբեր տեսակի հիվանդություններով` անքնությամբ, դեպրեսիայով և այլն: Նրանց մեծ մասը չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ԱՄՆ-ում հոգեկան բազմատեսակ խանգարումներով տառապում է բնակչության 26%-ը:







































