«UCOM և Netsys ընկերությունների միավորման գործընթացը նվազագույնը 6 ամիս կտևի, և առաջնային խնդիր է, որպեսզի ոչ մի վայրկյան կապի ընդհատում չլինի, և մեր բաժանորդները չզգան այդ անցումը, այլ զգան միայն կապի որակի լավացման տեսանկյունից»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Գործարք, որպես այդպիսին, հնարավոր չէ սահմանել, որովհետև գործարքը ոչ թե մի ընկերության վաճառքն է մեկ այլ ընկերության, այլ իրականում տեղի է ունենում երկու ընկերությունների հնարավորությունների, փորձի, տեխնիկական լուծումների միավորում, որի արդյունքում բաժանորդները կստանան ավելի բարձր որակի և լուրջ ծառայություններ, քան մինչ այժմ»,- պարզաբանեց Netsys ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Այս միավորումը ես կլանում չեմ կարող անվանել, քանի որ շուկայում կան 4-5 խոշոր ընկերություններ, որոնք գործում են, և որոնք ավելի մեծ են, քան մենք, և ավելի վաղ են սկսել ծառայություններ մատուցել»,- նշեց Հայկ Եսայանը:
Նշենք, որ ներկայումս UCOM-ի ֆիզիկական բաժանորդների քանակը հասնում է 10,000-ի, կորպորատիվ բաժանորդների թիվը` 1200 և ավելի: Netsys-ը մասնագիտացված է հիմնականում կորպորատիվ սեգմենտում և ունի 2500-3000 բաժանորդ:









































