ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին քննադատությունից, որին նա ենթարկվել է Գերմանիայում այն բանի համար, որ ԳԴՀ-ն հրաժարվել է մասնացել ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ-ի կողմից Լիբիայում իրականացվող օպերացիային,- հայտնում է DW-WORLD-ը: «Նախագահ Բարաք Օբաման գոհ է այն դերից, որը կատարել է Գերմանիան»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամլո խոսնակ Քեյթլին Հայդենը:
Հայդենը նշել է, որ Լիբիայում իրականցվող ռազմական օպերացիան չի եղել առանց Գերմանիայի մասնակցության: Ավելի վաղ Օբաման Մերկելի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ-ի կողմից հասցված հարվածներում իր դերն է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր երկիր:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գերմանացի 11 զինվորական գտնվել է ՆԱՏՕ-ի Նեապոլի շտաբում, որտեղ օգնել են ավիահարվածների համար նշանակետեր ընտրելու գործում: ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատել են այս լուրը, սակայն ավելացրել, որ այդ զինվորականները որևէ առանցքային նշանակություն չեն ունեցել որոշումների կայացման ժամանակ:
Բացի այդ, Գերմանիան ավելացրել է իր մասնակցությունը Աֆղանստանում` այնտեղ ուղարկելով 300 զինվորական՝ հետախուզական AWACS ինքնաթիռների թռիչքն ապահովելու համար: Նրանք փոխարինել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտնիայի գործընկերներին, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու Լիբիայում իրականացվող գործողություններին:
Գերմանական կառավարությունում հայտարարել են, որ, չնայած ԳԴՀ-ը ձեռնպահ է մնացել անվտանգության խորհրդում 1973 բանաձևի քվեարկությանը, նա չեզոք դիրք չի գրավում և Լիբիայի ապագան տեսնում է առանց Մուամար Քադաֆիի:












































