Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր բանակում մահացության դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ զինադադարի դեպքերի խախտումների պատճառով մահացության դեպքերն ավելի քիչ են, քան խաղաղ պայմաններում ծառայության ընթացքում:
Նա նշեց, որ իրենք ցանկանում են պաշտպանության նախարարությունից ստանալ այդ հարցի պատասխանը: Սաքունցը տեղեկացրեց, որ 2005-2011 թվականների ընթացքում բանակում 306 մահացության դեպք է գրանցվել, որի միայն 10 տոկոսն է զինադադարի ռեժիմի խախտման պատճառով: Նրա տեղեկացմամբ՝ 2007-2011 թվականներին գրանցված մահացության 228 դեպքերից 32-ն են միայն զինադադարի խախտման պատճառով:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ գերագույն գլխավոր հրամանատարը ուղղակի պատասխանատվություն ունի զինված ուժերում տիրող դեպքերի համար, և նրա լռությունն իրենց համար անհասկանալի է:
Սաքունցը խոսեց նաև հոգեբուժարանում գտնվող զինծառայողի խնդրից։ Այս մասին այսօր տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոցներում: Սաքունցը նշեց, որ այս դեպքը ևս անհասկանալի է և զարմանալի, թե մեկ տարվա զինծառայողն ինչո՞ւ է հասել այդ վիճակին և ինչո՞ւ է նրա մոտ սրվում իրավիճակը, երբ նրան ասում են, որ պետք է վերադառնա ծառայության:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նկատեց, որ այդ զինվորի դեպքը սահմռկեցուցիչ է, և կասկած կա, որ նրան ցանկացել են նաև բռնաբարել. «Անպատժելիության մթնոլորտը բերում է բանակում նոր զոհերի»:
«ՊՆ-ն նոր մի ձև է գտել՝ ինքնասպանությունները, որով խուսափում է պատասխանատվությունից՝ բոլոր խնդիրները դնելով ծնողների վրա: Գրեթե բոլոր դեպքերում հայտնվում են գրություններ, թե որն է եղել ինքնասպանության պատճառը»,- կարծիք հայտնեց ասուլիսի մասնակից, «Լրագրողներ հանուն Մարդու իրավունքների» կազմակերպության ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը:
Նա նշեց, որ բոլոր դեպքերում ձեռագրաբանական փորձաքննությունը հաստատում է, որ զինծառայողներն են գրել գրությունները, իսկ ծնողներն իրավունք չունեն վերցնել և այլ տեղ տանել՝ փորձաքննության ենթարկելու իրենց զավակի գրությունը:
Դ. Սախարովի անվան կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանն էլ, քննադատելով բանակում տեղի ունեցող մահացության դեպքերը և տիրող անպատժելիության մթնոլորտը, կոչ արեց իշխանություններին՝ վեր հանել 1994-ից հետո առկա բոլոր քրեական գործերը և իրականացնել արդար դատաքննություն, նշելով, ար այդ աշխատանքն իրականացնելու համար պետք է ստեղծել փորձագետների և մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ: Նա նաև հավելեց, որ այս ասուլիսը պետք է կազմակերպեր պաշտպանության նախարարը, զինվորական դատախազը և մարդու իրավունքների պաշտպանը:








































