Այսօր ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի բացման արարողությունը։ Այս տարի փառատոնը նվիրված է ՀՀ անկախության քսանամյակին և կրում է «Հայոց պետականություն.5000-ամյա…. և 20-ամյա» խորագիրը։
Իրենց խոսքով` բացմանը ելույթ ունեցան Գեղագիտության կենտրոնի նախագահը և ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ այս ցուցահանդեսին ներկայացված նկարներում երեխաներն ամփոփել են իրենց զգայական դաշտը, հույզերը, ապրումները։ «Այս տարին շատ խորհրդանշական է, քանի որ նշում ենք մեր անկախության 20-ամյակը, և ցուցահանդեսի խորագիրը մեզ տանում է մի ոտքով դեպի անցյալ՝ 5000-ամյա պետականության պատմություն ունեցող ժողովուրդ, մյուս ոտքով մենք ներկայում ենք և պատրաստ ենք ցատկ կատարել դեպի ապագա»,- նշեց Ա. Աշոտյանը՝ երկրի ապագան վստահելով այն երեխաներին, ովքեր իրենց ստեղծագործություններն են ներկայացրել այս փառատոնին։
Նշենք, որ փետրվարից մեկնարկած փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 18 երկրներից։ Ներկայացված աշխատանքներից առաջին փուլում ընտրվել են 243-ը, որոնք մրցույթ-փառատոնի շրջանակում ցուցադրվում են։
Երկրորդ փուլում կազմակերպվել է նաև ինտերնետային ցուցահանդես: Սեպտեմբերի 1-ից երկրորդ փուլ անցած բոլոր աշխատանքները ներկայացված են Facebook սոցիալական ցանցում։
Մինչև հոկտեմբերի 1-ը կանցկացվի առցանց քվեարկություն, որի արդյունքները, ինչպես նաև մրցանակակիրների անունները կհրապարակվեն ցուցահանդեսի փակման օրը՝ հոկտեմբերի 5-ին։






































