
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ռուս դիվանագետը այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
ԵՄ կողմի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հեռախոսազրույցը:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը։