Այսօր, ի պաշտպանություն սեպտեմբերի հինգին ձերբակալված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու, ով ձերբակալվել է մեկ ամիս առաջ այս օրը քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, կազմակերպվել էր ակցիա՝ Բելառուսի դեսպանատան առջև:
Բելյացկուն ճանաչել են «խղճի գերի»: Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) ակցիան կազմակերպել է՝ իրենց գործընկերոջն ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Այսօր միաժամանակ համանման ակցիա է կազմակերպվում մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Շվեդիայում:
Պիկետի կարգախոսներն են՝ «Ազատությո՛ւն Ալես Բելյացկուն», «Մեր և ձեր ազատությունների համար» «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին, խղճի գերիներին»:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերով` Բելառուսում մարդու իրավունքների առումով լուրջ խնդիրներ կան, իրավապաշտպանները, լրագրողները միշտ առանձնացած են, իրենց աշխատանքը միշտ վտանգի հետ է կապված:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում, Միքայել Դաինելյանը պատասխանել է. «Մարդու իրավունքների հետ կապված խնդիրները ես չեմ դիտարկում մի քիչ ավելի լավ կամ մի քիչ ավելի վատ: Այո, այնտեղ մարդ չեն ուտում, բայց այստեղ էլ չեն ուտում, բայց Ուգանդայում ուտում են։ Ինձ համար կիսահղի կանայք չեն լինում, այսինքն` կամ դեմոկրատիա կա, կամ չկա, մի քիչ վատ, մի քիչ լավ՝ ես չեմ ընդունում»:
Այս պահին պիկետի մասնկիցները Բելառուսի դեսպանություն դիմում հանձնեցին, որում նշված է, որ Ալես Բելյացկու նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, օբյեկտիվ չի և քաղաքական շարժառիթներով է պայմանավորված, և այս ձերբակալությունը համարում են ճնշում՝ իրավապաշտպանի վրա, մարդու իրավունքների բնագավառում միջազգային ստանդարտների կոպիտ խախտում, և կոչ են անում, որքան հնարավոր է, շուտ ազատ արձակել և նրա վրայից հանել քրեական հանցանք կատարելու վերաբերյալ մեղադրանքները:
«Մեզ հայտնի է, որ Ալես Բելյացկու համար երաշխավորել են ավելի քան 900 մարդ, և որ Բելառուսի նոր պատմության ընթացքում ոչ մեկի համար պատրաստ չեն եղել երաշխավորել այսքան մարդ, ինչը խոսում է Բելառուսի հասարակության և միջազգային հանրության մոտ Ալես Բելյացկու գործունեության հեղինակության մասին»:







































