Թուրքական մամուլը երեկ տեղեկություն տարածեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարիերան շարունակելու է Ստամբուլի «Գալաթասարայում»։ Մասնավորապես, «Gezen Dokuz» պարբերականի համաձայն Զախարյանի տեղափոխության շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և տրանսֆերի արժեքը կազմելու էր 11 մլն եվրո։ Ժամեր անց Championat.com-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին հայտնեց, որ իսկապես «Գալաթասարայը» «Դինամոյին» առաջարկ է արել ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, սակայն հայազգի ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ , որ Զախարյանը մտադիր է կարիերան շարունակել բացառապես եվրոպական թոփ առաջնություններից մեկում։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով սակայն «Դինամոն» չի կարող գործարքն իրացնել եվրոպական թոփ ակումբների հետ։ Ունենալով ֆինանսական դժվարություններ մոսկովյան թիմը ցանկանում է հնարավորինս արագ վաճառել Զախարյանի տրանսֆերը, բայց․․․։
Անցյալ տարվա հայտնի էր դարձել, որ Լոնդոնի«Չելսին» Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Տրանսֆերային պատուհանը փակվեց սեպտեմբերի 1-ին իսկ հայազգի ֆուտբոլիստը ստիպված եղավ ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Գործարքը չկայացավ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքով տրանսֆերի բանկային փոխանցում հնարավոր չէր եղել իրականացնել։ Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Զախարյանը մտադիր է ստանալ Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի կարողանա տեղափոխվել եվրոպական ակումբ։ Այս տարվա սկզբին սակայն հայազգի ֆուտբոլիստը հերքեց այդ տեղեկությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նշենք, սա բավական ցածր ցուցանիշ է Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու հավակնություններ ունեցող ֆուտբոլիստի համար։ Վերջին մեկ տարում Զախարյանի խաղային որակները և արդյունավետությունը անկում են ապրել։ Հավանականությունը մեծ է, որ Զախարյանի տրանսֆերային արժեքը ևս անկում կապրի։ Հենց սա է պատճառը, որ «Դինամոն» շտապում է Զախարյանի տրանսֆերի հարցում։ Տրանսֆերմարկետ պարբերականի համաձայն Զախարյանի արժեք շարունակում է մնալ 15 միլիոն եվրո։
Մինչդեռ թուրքական ակումբը «Դինամոյին» առաջարկել է 11 միլիոն եվրո։ Այս գումարով «Դինամոն» համաձայն է եղել բաց թողնել հայ ֆուտբոլիստին։ Համաձայն է եղել այն պարզ պատճառով, որ ի տարբերություն եվոպական թոփ թիմերին թուրքական ակումբի հետ հնարավոր է եղել իրականացնել գործարքը։ Նախորդ շաբաթ հայտնի էր դարձավ, որ Զախարյանի ծառայությունով հետաքրքրված են եղել նաև իսպանական «Սելտան», «Մալյորկան», պորտուգալական «Պորտուն» և հունգարական «Ֆերենցվարոշը»։ Իսպանիա և Պորտուգալիա տեղափոխությունը հնարավոր չի եղել սանկցիաների պատճառով, իսկ ահա հունգարական «Ֆերենցվարոշը» պատրաստ է եղել սկսել պայմանագիր կնքելու գործընթաց։ Ավելի ստույգ հունգարական թիմի հետ հնարավոր է եղել կնքել գործարքը, սակայն մեր տեղեկություններով Զախարյանը չի ցանկացել խաղալ Հունգարիայի առաջնությունում։ Նշենք, որ «Ֆերենցվարոշը» գլխավորում է Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։
Քաջ ծանոթ լինելով Զախարյանի որակներին ռուս մասնագետը փորձել էր 19-ամյա կիսապաշտպանին դուրս բերել սուզվող ռուսական Պրեմիեր լիգայից, բայց․․․։ Իրադարձությունների նման զարգացումները վկայում են, որ Զախարյանը իսկապես հայտնվել է ծանր իրավիճակում։ Նա կամ պետք է կարիերան շարունակի թուրքական կամ հունգարական միջին մակարդակին լիգաներում, կամ մնալով «Դինամոյում» սպասի թե երբ են վերանալու Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները։









































