Նարեկացի արվեստի միության 7-րդ տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ՆԱՄ-ի հիմնադիր Նարեկ Հարությունյանը հայտնեց,որ այս 7 տարիների ընթացքում իրենք հանդիպումներ են կազմակերպել լավագույն հայ արվեստագետների և գործիչների հետ: 5 օր առաջ ՆԱՄ-ի Շուշիիկենտրոնի 5-րդ տարեդարձն է նշվել, իսկ Շուշիում կենտրոնի ստեղծումը, ըստ Նարեկ Հարությունյանի, նպատակ է ունեցել նոր հոգի, նոր շունչ, նոր մարդիկ կերտելը: Նրա խոսքով` ՆԱՄ-ը բավական հրատարակություններ է իրականացրել` երաժշտական, տպագրական և այլն: Իսկ առաջիկայում նախատեսում է զանազան ծրագրեր տարբեր արվեստագետների հետ:
Ռուբեն Հախվերդյանը, շնորհավորելով ՆԱՄ-ի տարեդարձը, խոսեց մեր մշակույթում ՆԱՄ-ի ունեցած կարևոր դերի մասին և հայտնեց, որ եթե մշակութային պատերազմում մենք պարտվում ենք, ապա իրական պատերազմում էլ կպարտվենք.
«Ի վերջո ծնվելու է մի Նժդեհ, որը տանելու է ազգը դեպի իր տեսակը: Մենք պետք է դաստիարակենք մի սերունդ, որը մահվանից չի վախենա: Ի վերջո արդարությունը այն չէ, որ չընտրված նախագահը ընտրվածի տեղն է իրեն դնում և խոսքը թղթից ընթերցում»:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը իր հերթին շնորհավորեց ՆԱՄ-ի տարեդարձը և նշեց, որ նման կազմակերպությունից երկրորդը չկա մեր իրականության մեջ. «ՆԱՄ-ը փարոսի դեր է կատարում իր լույսով, և պետությունը ՆԱՄ-ին պետք ազատի որոշ անհատների կողմից մատնանշված ծուռ ճանապարհից»:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` երաժիշտ Արթուր Շահնազարյանը նշեց, որ ՆԱՄ-ը լույսի պես իջավ և այն 2000-3000 միջոցառումները, որ կազմակերպել է ՆԱՄ-ը, բավական տպավորիչ թիվ են կազմում մեզ նման փոքր պետության համար:
Ինչպես հայտնեց ՆԱՄ-ի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, որոշ անհատների կողմից անարդարություն և սպառնալիքներ են ուղղվում իրենց դեմ, մասնավորապես` կալանք է դրվել Նարեկ Հարությունյանին պատկանող անշարժ գույքի վրա և հարուցվել է քրեական գործ` հարկը չվճարելու պատճառաբանությամբ. «Պատվերով քրգործ է հարուցվել, որ ճնշում գործադրվի իմ ընտանիքի վրա»,- նշեց Հարությունյանը և հավելեց.«Կան չար ուժեր, որոնք իմ ուղղությամբ քայլեր են անում, և մեր առաքելությունը տուժում է:Հափշտակելու ախորժակ կա, որն ընդառաջվում է պատվերով և ներքին կարգով»:











































