ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը նամակ է պատրաստել ԱՄՆ Պետքարտուղարության համար, որտեղ պատմում է ՀՀ սահմանի անմխիթար վիճակի մասին: Անօրինական սահմանահատումների մասին ԱՄՆ դիվանագետներին պատմել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության աշխատակից, մայոր Բորոդկինը: Փաստաթուղթը տեղադրվել է WikiLeaks կայքում, այն թվագրված է 2005թ. մայիսի 13-ով:
Բորոդկինը պատմել է, որ չնայած որոշ ջանքերին, հայ-թուրքական սահմանը բաց է էթնիկ քրդերի համար` իրենց հոտերն արածացնելիս: Բորոդկինը հավատացած է, որ սահմանապահները, հնարավոր է, կաշառք են վերցնում` թույլատրելու սահմանի հատումը: Բորոդկինը պատմել է, որ ըստ որոշ լուրերի, 1990-ականներին քրդական անջատողական կազմակերպություններից մեկը իր մարդկանց անցկացնում էր հայ-թուրքական սահմանով: Նա հայտարարել է, թե հավատացած է, որ այդ կազմակերպությունը հիմա էլ է իր կողմնակիցներին անցկացնում այս սահմանով:
Բորոդկինը խոսել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցող բազմաթիվ խախտումների մասին: Դրանցից ամենատարածվածն այն է, որ կաշառքի դիմաց սահմանապահները թույլատրում են, որպեսզի անօրինական կամ կեղծված վիզաներով մարդիկ նստեն օդանավ և հասնեն, օրինակ, ԱՄՆ: Հայերը վստահ են, որ եթե սահմանապահներն այստեղ աչք փակեն, ապա հասնելով ԱՄՆ` իրենք այդուամենայնիվ կարող են մնալ այդ երկրում, եթե նույնիսկ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերեն կեղծիքը: Բորոդկինն ասել է, որ միայն 2004թ. հիմնականում «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնք կեղծել են փաստաթղթերը: Նա ասել է, որ կարող է միայն ենթադրել, թե որքան մարդ է հատել սահմանը` կաշառքի միջոցով:
Բորոդկինը նաև պատմել է, որ Հայաստանի միջոցով իրանցիները հասնում են ԱՄՆ և Եվրոպա` ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Նրա խոսքերով, կեղծված փաստաթղթերից, վիզաներից պարզ է դառնում, որ դրանք սարքվում են մեկ տեղում, քանի որ կատարման տեխնիկան նույնն է: Բորոդկինն ասել է, որ Իրանի հետ սահմանը հատելիս իրանցիները նույնպես օգտագործում են կեղծ փաստաթղթեր: Բորոդկինը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը կարող է վերածվել միջանցքի դեպի Հյուսիսային Կովկաս և Եվրոպա:
Նամակի վերջում մեկնաբանելով Բորոդկինի ասածները՝ դեսպան Էվանսը գրում է, որ Բորոդկինի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող առանց ռուս սահմանապահների վերահսկել իր սահմանը՝ չափազանցված է: Սակայն, ըստ դեսպանի, անհրաժեշտ է համագործակցել ռուս սահմանապահների հետ, քանի որ նրանք պատկերացնում են գոյություն ունեցող խնդիրները, և այդ համագործակցությունը բխում է ԱՄՆ շահերից:







































