2005թ. ապրիլի 1-ին Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նամակ է հղել Պետքարտուղարությանը, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան: Փաստաթուղթն օրերս հայտնվել է WikiLeaks կայքում:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ այդ այցելությունը գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Ուշագրավ է եղել Պուտինի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս հանդիպման ժամանակ, որին բացի Պուտինից, ներկա են եղել նաև Գարեգին Բ-ի երկու օգնականներ, Պուտինը զարմացրել է Կաթողիկոսին` կոչ անելով նրան ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա (վարչապետ Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի), որպեսզի նրանք հողահատկացում կատարեն Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու համար:
Կաթողիկոսի օգնականը ամերիկացի դիվանագետներին պատմել է, որ Պուտինը այս պահանջը ներկայացրել է որպես «ամենանվազագույնը, ինչ Հայաստանը կարող է անել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հայկական մեծ բնակչության նկատմամբ լավ վերաբերմունքի դիմաց»:









































