Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է Ուղուր Էրգանի «Թուրք-իսրայելական ռազմական համագործակցությունը նրա ձեռագիրն էր» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Թուրք-իսրայելական ռազմական համագործակցության մասին պայմանագիրը կնքվել է 1996 թվականի օգոստոսին՝ (ակնհայտ իսլամիստ) Ներմեթթին Էրբաքանի կառավարության ժամանակաշրջանում։ Դրանից 15 տարի անց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությամբ այդ համագործակցությունն առկախվեց։
Երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդգրկում էր 3 հիմնական ուղղվածություն. միմյանց նավահանգիստների փոխադարձ այցելություններ, համատեղ զորավարժություններ և հատուկ նշանակության դասընթացներ։ Երկու երկրների միջև անցկացվող ամենահայտնի համատեղ զորավարժություններն էին «Անվտանգ ջրահարս»-ը և «Անատոլիական արծիվ»-ը։ Երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո այդ համատեղ զորավարժությունների անցկացմանը վերջ տրվեց։ Դա մասնավորապես վերաբերում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակմանը հաջորդած ժամանակահատվածին։
Բացի այդ, Թուրքիան Իսրայելից գնում էր Heron անօդաչու թռչող սարքեր (հետախուզական ինքնաթիռ), որոնք գործածում էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում։ Երկու երկրները համագործակցում էին նաև PKK-ի և «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարի հետախուզական մասով՝ հետախուզական տվյալներ փոխանակելով։
Այժմ թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով Թուրքիային դժվար օրեր են սպասվում ԱՄՆ-ում և բազմաթիվ եվրոպական երկրներում՝ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ Դիվանագիտական աղբյուրներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հրեական լոբբին ԱՄՆ Կոնգրեսում կարող է աջակցել հայկական լոբբիին՝ Հայոց ցեղասպանության հարցում։ Դրանով իսկ մեծանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հավանականությունը»։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Քնեսեթի նախկին աշխատակից Սյուզան Հաթիս Ռոլեֆը The Jerusalem Post պարբերականում հրապարակած հոդվածում նշել էր. «Ցայժմ Իսրայելն անտեսել է Հայոց ցեղասպանության փաստը՝ դրա համար բերելով բազմաթիվ արդարացումներ, որոնցից յուրաքանչյուրն ամոթալի է իր տեսակում: Հայոց ցեղասպանության փաստն անտեսելով` Իսրայելը ցանկացել է չարթնացնել «քնած շանը»»։
Իսկ թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը նախորդ տարվա նոյեմբերի 25-ին թուրքական Miliyet թերթում գրել էր. «Իսրայելի հետ ջերմ և թշնամական հարաբերություններ ունեցող երկրներն անմիջապես գործ են ունենում ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ: Դրա վառ ապացույցը եղավ Իրանի հետ Թուրքիայի ջերմ հարաբերությունների հաստատումը և «Մավի Մարմարա»-ի միջադեպից հետո Իսրայելի հետ հարաբերությունների սրումը, որից հետո Թուրքիան հայտնվեց հրեական լոբբիի համար անցանկալի երկրների շարքում:
Հրեական լոբբիի ուժն ու ազդեցությունն ամենից շատ զգացվում է ԱՄՆ Կոնգրեսում: Մինչև վերջերս հրեական լոբբին աջակցում էր Թուրքիային, ինչի արդյունքում էլ Կոնգրեսում կանխվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը, Կոնգրեսը կիպրական հարցում խոչընդոտներ չէր հարուցում, քրդական հարցին չէր աջակցում, Թուրքիան ինչ զենք ցանկանում էր՝ ստանում էր»:









































