«Համահայկական 5-րդ հոբելյանական խաղերի խորհրդանիշ ընտրվել էր արծիվը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով, խաղերի նախօրեին կազմկոմիտեն երկար վիճաբանել էր՝ հզոր թռչո՞ւնը, թե՞ կենդանին պիտի դառնա խորհրդանիշ. «Ընդ որում, ոմանք նշել էին, որ խորհրդանիշն անպայման պետք է լինի Հայաստանի զինանշանում պատկերված նշաններից։ Արծվի համար պայքարել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։ Նա պնդել է, որ արծիվը հզորության և ուժի նշան է, նաև հայոց լեռների խորհրդանիշը։ Իսկ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները կազմկոմիտեին համոզել են, որ առյուծը արծվից ուժեղ է»,- գրում է թերթը և հավելում.
«Պատմում են, որ վիճաբանություններն այնքան թունդ են եղել, որ հաճախ կազմկոմիտեի նիստերն ընդհատվել են։ Ի վերջո, կրքերը հանդարտվել են այն ժամանակ, երբ Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է Սերժ Սարգսյանի որոշումը՝ խորհրդանիշը պիտի լինի արծիվը։ Ոմանք սա գնահատել են որպես Ասրյանի հաղթանակ։ Ի դեպ, մեր տեղեկություններով` «Հայոց արծիվները» ապագայում կուսակցություն դառնալու հավակնություն ունի»։







































