
Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի այն պետությունների և տարածաշրջանների նկատմամբ, որոնք մուտքի սահմանափակումներ են ներմուծել Չինաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների պատրվակով։
Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությանը: «Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս քաղաքական նպատակներին հասնելու համար համաճարակի կանխարգելման և պայքարի միջոցների շահարկման փորձերին: Կախված զանազան իրավիճակներից՝ մենք միջոցներ կձեռնարկենք փոխադարձության սկզբունքին համապատասխան», – այսօր կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
2022 թվականի վերջին Չինաստանում արձանագրվել է COVID-19-ով հիվանդացության աճ։ Օմիկրոն շտամի հարաբերական անվնասության մասին չինացի գիտնականների պնդումների ֆոնին ՉԺՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել հակաքովիդային սահմանափակումների մեծ մասը: Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով աշխարհի մի շարք պետություններ և տարածաշրջաններ մայրցամաքային Չինաստանի բնակիչների համար պարտադիր են դարձրել մեկնելուց առաջ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելը։ Մասնավորապես, դա արել են ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրալիան, Հնդկաստանը, Կանադան, Մալայզիան, Թայվան կղզին, Հարավային Կորեան, Մարոկկոն, Կատարը և Ճապոնիան։
Ի դեպ, Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին Եվրամիությունը Պեկինին առաջարկել է անհատույց հիմունքներով տրամադրել կորոնավիրուսի դեմ ԵՄ-ում առկա պատվաստանյութերը: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակին: Հաղորդվում է, որ Չինաստանի կառավարությունը մերժել է այդ առաջարկը: Ըստ պարբերականի՝ համապատասխան առաջարկն արվել է մի քանի օր առաջ՝ ԵՄ անդամ երկրների առողջապահության նախարարությունների ղեկավարների՝ հունվարի 3-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։
Պարբերականի տվյալներով՝ առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը պատվաստանյութերի հանձնումը ՉԺՀ-ին համարում է Եվրամիությունում վարակի զսպման քայլերից մեկը։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ երկիրը եվրոպական պատվաստանյութերի կարիք չունի, համաճարակի կանխարգելման և վերահսկման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է: