ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ռուս-բելառուսական անցած զորավարժությունները ռազմավարական զսպման միջոցառումներ են։ Նա հավելել էր, որ 2023 թվականին կազմակերպությունը նախատեսում է մի շարք զորավարժություններ անցկացնել Բելառուսի տարածքում, և դրանք «կարող են դիտարկվել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»։
Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ միանշանակ է, որ Հայաստանին ՀԱՊԿ զորավարժությունները պետք չեն՝ մանավանդ Ռուսաստանի հետ չճշգրտված հարաբերությունների պարագայում.«Բացի այդ՝ Ռուսաստանը ներկայումս մի երկիր է, որը չի ճանաչում մեր սուվերենությունը, մեր սահմանները, մեր տարածքային ամբողջականությունը։ Նաև, ըստ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարի, ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա միութենական պետություն մտնելու համար։ Ուստի այդ զորավաժությունները ոչ միայն պետք չեն, այլ նաև խիստ վտանգավոր են Հայաստանի համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ ուշագրավն այն է, որ պաշտոնական Երևանից առայժմ որևէ արձագանք չկա.«Համոզված եմ, որ այստեղ վճռորոշն այն չէ, թե ինչ է ասում Ռուսաստանը, այլ այն, թե ինչ է ասում պաշտոնական Երևանը։ Այնպես որ, ես ակնկալում եմ, որ հաշված օրերի, ժամերի ընթացքում, մենք կտեսնենք պաշտոնական Երևանի կողմից համարժեք արձագանք՝ առ այն, որ Հայաստանը որևէ բան չի պլանավորել, և ներկայումս ու առաջիկայում էլ՝ մինչև ճգնաժամային հարցերի կարգավորումը նպատակահարմար չի գտնում նման միջոցառումների անցկացումը մեր երկրում։ Ի վերջո՝ այն դժգոհությունները, որոնք հրապարակային հայտնվում են Ռուսաստանի լպիրշ, ստահակ վարքի համար, գնահատականներ են, որին պետք է հետևեն այդ գնահատականից բխող քայլեր Հայաստանի կողմից։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն անում է քայլեր, որն այդ աստիճանի դժգոհություն է առաջացնում Հայաստանում, ապա Երևանը պետք է փոխի իր դիրքորոշումը, գործողությունների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը և մի «խելոք բան մտածի»»,-ընդգծեց նա։
Մեհրաբյանը նշեց՝ մենք ունենք Լաչինի միջանցքի ճգնաժամը լուծելու խնդիր, որը պետք է լուծվի օրերի ընթացքում.«Մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ մարդիկ կարող են պարզապես մահանալ սովից այս ցրտի պայմաններում։ Եթե պատասխանատուն Ռուսաստանն ու Ադրբեջանն են, ապա որո՞նք են Երևանի քայլերը։ Հայաստանը պետք է լրացուցիչ համառություն ցուցաբերի խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։ Այն տաք գլուխ հայտարարությունները «դե որ տենցա, մենք կգնանք Բաքուն կվերցնենք և այլն» , ապուշություն են։ Հայաստանը, կրկնում եմ, պետք է բազմապատկի իր համառությունը խաղաղության համապարփակ ու տևական հաստատման ուղղությամբ։ Դա այն օրակարգն է, ինչի մասին Հայաստանը խոսում է, բայց հիմա պահանջվում է բազմապատիկ համառություն։ Երկրորդ՝ պետք է բազմապատիկ համառություն ռուսներին այստեղից ռադ անելու համար, որովհետև այդ խաղաղությունը լինելու է ոչ թե ռուսների հետ միասին կամ ռուսների շնորհիվ կամ միջնորդությամբ, այլ ի հեճուկս ռուսների, հակառակ ռուսների և քաղաքականապես՝ ի հաշիվ ռուսների շահերի։ Այլապես խաղաղության օրակարգը կդառնա մի դատարկ խոսակցություն, որը ամրապնդված չէ որևէ գործողությամբ, բացի դեկլարատիվ հայտարարության»։
Դիտարկմանը, որ կա կարծիք, որ դեմարշ անելով, ՀԱՊԿ-ից դուրս գալով մենք «գետնի վրա» անվտանգության այլ երաշխավորներ չունենք, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց.«Խնդիրը հետևյալն է. մենք պետք է հասկանանք՝ ինչ են անում ռուսները գետնի վրա։ Ռուսները չեն եկել այստեղ, որ խաղաղություն հաստատեն, հակառակը՝ եկել են, որ խաղաղություն չլինի։Հետևաբար այո՛, ռուսներն այստեղ չպետք է լինեն, եթե մենք իրոք անկեղծ ենք մեր խաղաղության ձգտումներում։ Եթե չես ուզում խաղաղություն՝ ռուսներին բեր, եթե ուզում ես՝ ռուսներին վռնդի։ Սա պետք է հստակ հասկանանք»,-եզրափակեց նա։









































