ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների և շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:
Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: Դպրոցներին և մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ և կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն այսուհետև կունենա նաև Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Այդպիսով ավտովթար, հրդեհ կամ յուրաքանչյուր այլ արտակարգ պատահարի դեպքում քաղաքացիների ահազանգերին արձագանքելն այսուհետ կլինելի շատ ավելի հեշտ և համակարգված: Այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետի կողմից անհրաժեշտ սարքավորումներով կահավորվել է մեկ սենյակ և բացատրվել է ծրագրի կիրակման և կառավարման բոլոր մանրամասները: Ծրագիրը հնարավորություն է տալու նաև հաշվետվություններ ստանալ` շաբաթների, ամիսների և տարվա կտրվածքով: Նախատեսվում է, որ համակարգչային այս ծրագիրը կներդրվի նաև ԼՂՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Վերոնշյալից բացի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նեղ մասնագիտական ուղղվածության թվով 18 բարձրակարգ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտի համաբուժարանում, 2 հիվանդանոցներում և Մարտակերտի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոցում ընդունել են հարյուրավոր հիվանդների: Բաց դռների շրջանակում անվճար բուժսպասարկում և, ըստ անհրաժեշտության, դեղորայք է տրամադրվել բոլոր այցելուներին: Կատարվել են նաև վիրահատություններ:
Երևանից ժամանած բժիկների հետ զրուցել և շնորհակալություն է հայտնել ԼՀՂ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը:
Հատկապես կարևորելով փորձի փոխանակումն ու երևանյան առաջատար բուհաստատությունների հետ հետագա համագործակցությունը, նախարարը նախ և առաջ ընդգծել է սպասարկման բարձր մակարդակը: «Հատկապես Քարվաճառը, Գետավանը շատ հեռու են և այդ բնակչությունը դժվարությամբ է Ստեփանակերտ հասնում, դրա համար մենք ընտրեցինք այդ գյուղերը, ինչն ավելի նպատակահարմար կլիներ նախաձեռնության արդյունավետության տեսանկյունից: Անչափ շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին նման նախաձեռնության համար: Հուսամ դրանք կլինեն շարունակական» – նշել է նախարարը:







































