
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան։ Շարվաշիձեն վրացի քաղաքական գործիչ է։ Զբաղեցրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2022 թվականը։
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Շարվաշիձեն վաղաժամ լքում է ԹՊՀ ռեկտորի պաշտոնը։ Շարվաշիձեն ռեկտոր է նշանակվել 2016 թվականին, իսկ երկրորդ ժամկետով ընտրվել է 2020 թվականին։ Նա պետք է պաշտոնավարեր մինչև 2024 թվականը։ ԹՊՀ-ում ռեկտորի ընտրություններ անցկացվեցին դեկտեմբերի 27-ին։ Ռեկտորի պաշտոնում ընտրվեց Ջաբա Սամուշիան. նա միակ առաջադրված թեկնածուն էր։
Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Գեորգի Սագանելիձեի պաշտոնավորման ժամկետն ավարտվել էր դեռ 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանը նոր դեսպան Հայաստանում չէր նշանակել։
Վրաստանի հարցերով փորձագետ Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ միանշանակ դրական է, որ Թբիլիսին նոր դեսպան նշանակելու որոշում կայացրեց. «Մի փոքր անհասկանալի է, թե ինչու այսքան ժամանակ չէին նշանակում, բայց պատահում է նաև այսպես։ Հայաստանն էլ բավականին երկար դադար ունեցավ, մինչև որ նոր դեսպան նշանակեց։ Գուցե դիվանագիտական ասպարեզում կան սեփական կանոնները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ստեփանյանն ընդգծեց՝ թեպետ նոր դեսպանին անձամբ չի ճանաչում, բայց նրա կենսագրությանը ծանոթանալով, կարելի է եզրակացնել, որ նա աշխատանքի բավականին մեծ փորձ ունի՝ տարբեր ոլորտներում.«Հիմնականում դա Կրթության նախարարությունն է և աշխատանքները կրթության ոլորտում։ Իհարկե շատ կարևոր է, թե ով է նշանակվում դեսպան, բայց Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն այնպես են զարգանում, որ երկու երկրներին միացնող գործառույթը, որը պետք է ունենան դեսպանատները, կառավարության ղեկավարներն իրենք են անում։ Այսինքն՝ ուղիղ կոնտակտի միջոցով երկու երկրների ղեկավարները կարողանում են հարաբերություններ կառուցել»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց՝ Վրաստանում և Հայաստանում դեսպանատների աշխատանքի ուղղվածությունը փոքր ինչ տարբերվում է նույն երկրների՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ասիայում դեսպանատների աշխատանքի ուղղվածությունից.«Այն գործառույթները, որ կան այստեղ կապված են այնպիսի ուղղությունների հետ, որոնք չկան աշխարհի այլ պետություններում։ Ինձ համար դժվար է ասել, թե ինչքանով է կարևոր այդ պաշտոնը Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն առավել ինտենսիվ դարձնելու համար, որովհետև ինչպես նշեցի, առանց այդ էլ երկու երկրների ղեկավարներն ուղիղ կոնտակտներ ունեն։ Այդուհանդերձ իհարկե դեսպանատան աշխատանքը շատ կարևոր է։ Եվ ամենաքիչը՝ որպես աջակցող, այդ տեմպը պահող մի կառույց։ Դրանից շատ բան է կախված»։
Այս իմաստով, Ստեփանյանի խոսքերով, պետք չէ ուշադրություն դարձնել, թե որքան ժամանակ հետո է դեսպանը նշանակվել.«Այս իրավիճակում՝ դա քիչ կարևոր է»։
Դիտարկմանը, թե այն փաստը, որ Թբիլիսին կադրային դիվանագետ չի նշանակում, արդյոք ենթադրում է, որ Հայաստանն այնքան էլ կարևոր երկիր չէ Վրաստանի համար, Առնոլդ Ստեփանյանը պատասխանեց.«Ո՛չ իհարկե։ Դա շատ հաճախի հանդիպող պրակտիկա է՝ ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի ու այլ երկրների համար։ Այսինքն՝ բոլոր երկրները «ծածկելու» համար կադրային դիվանագետները բավարար չեն լինի։ Հայաստանն ու Վրաստանը ունեն հարաբերությունների իրենց սպեցիֆիկան ու տվյալ պարագայում այլ գործոններ ավելի մեծ նշանակություն ունեն, քան այն, թե արդյոք այս կապ այն գործիչը կադրային դիվանագետ է, թե ոչ։ Ես նույնիսկ կասեի, որ երբեմն այն, որ մարդը հանդիսանում է կադրային դիվանագետ՝ նույնիսկ կարող է հարաբերություններին խանգարել, այսինքն կարող է իրենց գործառույթի իրականացման հետ կապված սխալ ընկալում լինել։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։Վրաստանում ու Հայաստանում մի փոքր այլ կերպ է պետք աշխատել։ Սա միայն դիվանագիտություն ու դեսպանատուն չէ, այստեղ մարդկանց հետ առավել ինտենսիվ կոնտակտներ են պետք, մարդկանց ու քաղաքական գործիչների հետ հարաբերությունների հաստատում և ոչ չոր պրոտոկոլ։»։
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք դեսպանների աշխատանքից է կախված այն, թե երկիրն ինչ դիրքորոշում կունենա այս կամ այն հարցի շուրջ։ Նշեցինք, որ Լաչինի միջանցքի փակման համատեքստում Վրաստանից որևէ արձագանք չեղավ, Առնոլդ Ստեփանյանն արձագանքեց.«Կոնկրետ դեսպանից կախված չէ, որովհետև նորից նշեմ, որ երկու երկրների ղեկավարներն ուղիղ կոնտակտներ ունեն և այդ մակարդակն այնքան բարձր է, որ դեսպանատներն այստեղ որոշիչ դեր չեն խաղում։ Դեսպանատունն այլ գործառույթ ունի, դեսպանից քիչ բան է կախված։Քանի որ բարձր մակարդակով կոնտակտները ակտիվ են, դեսպաններն այս ոլորտում քիչ բան ունեն անելու, աշխատանքն այլ դաշտում է»,-եզրափակեց նա։