
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական նախագիծը, որ ներկայացրել է արդարադատության նախարարությունը, և ըստ որի քրեորեն հետապնդելի է լինելու Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող որևէ գործողություն կամ կոչ: Անկասկած է, որ կարևոր օրենք է, նվազագույնը այն պատճառով, որ վերաբերում է Հայաստանի հանրապետության ինքնիշխանությանը: Սակայն, ինչպես նշել եմ պարբերաբար, կրկնեմ՝ պետական ինքնիշխանությունը պահպանվում է ոչ թե կոչերով, կամ դրա դեմ կոչերը սահմանափակելով, այլ ամենօրյա մարտավարական աշխատանքով և ռազմավարությամբ: Օրինակ, նախորդ երկու-երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում կարծես թե առանձնապես կոչեր չեն հնչել ինքնիշխանության սահմանափակման, ինքնիշխանությունից հրաժարվելու թեմայով: Ավելին, եղել են մարգինալ նախաձեռնություններ, որոնց հեղինակները ավելի շուտ արժանացել են անլուրջ ընկալման՝ այդ թվում իրենց նախաձեռնություններով կամ կոչերով հանդերձ, բայց Հայաստանի ինքնիշխանությունը նվազել է տարեցտարի, Հայաստանը էապես կորցրել է ինքնիշխան քաղաքականության ներուժը, ի վերջո կանգնելով ծանրագույն իրողությունների առաջ: Հետևաբար, ինքնիշխանության սպառնալիքը կոչերը չեն, այլ աշխատանքը: Ընդ որում, աշխատանքը «պրոգրեսիվ» տրամաբանության շրջանակում:
Ասել կուզի, ինքնիշխանության դեմ գործողությունները կասեցնելու համար պետք է ինքնիշխանությունն ամրացնող ամենօրյա աշխատանք, ընդ որում ոչ միայն պետական կառավարման ճակատում, այլ նաև տնտեսական, հասարակական-քաղաքական, ինչը նշանակում է ձևավորել համարժեք միջավայր, որտեղ առավելագույն հարմարավետ պայմաններ կխթանվեն Հայաստանի մարդկային ստեղծագործական ներուժը գեներացնելու համար:
Հայաստանի ինքնիշխանության հիմքը կարող է դառնալ այդ ներուժը: Խնդիրն այն չէ, թե պետք է ազատորեն թույլ տալ Հայաստանի ինքնիշխանությունը վարկաբեկող, սպառնացող հռետորաբանություն, քարոզչություն: Պարզապես, այստեղ չափազանց կարևոր են սահմանումները, որովհետև, օրինակ կարո՞ղ է Հայաստանի ինքնիշխանության դեմ գործողություն որակվել որևէ վերպետական միավորման անդամակցելը, եթե Հայաստանն ունենա այդպիսի մի հեռանկար: Օրինակը պայմանական է, հարաբերական, բայց՝ Եվրամիությունը: Եթե օրինակ Հայաստանում դրվում է Եվրամիության անդամության հարց, արդյո՞ք դա ինքնիշխանության դեմ չէ: Չէ՞ որ դա նշանակելու է որոշակի ինքնիշխան լիազորությունների պատվիրակում վերպետական կառույցի: Կամ, երբ Հայաստանն այսօր ԵԱՏՄ անդամ է, դա չի՞ ստացվում, որ ՀՀ-ն կարող է հայտնվել սեփական օրենքից դուրս վիճակում: Չէ՞ որ ինքնիշխանության որոշակի լիազորություններ պատվիրակվում են վերպետական կառույցին: Սրանք չափազանց նուրբ պահեր են, որոնք պետք է մանրակկրկիտ կերպով դիտարկվեն, որպեսզի Հայաստանը չունենա հերթական մի օրենք, որը գոյություն ունի, սակայն գոյություն չունի դրա ամբողջական և օրինաչափ իրավակիրառական պրակտիկան: Իսկ այդպիսի մի շարք նախադեպեր, իհարկե ոչ այդքան հնչեղ թեմայով, արդեն իսկ կան: Հետևաբար, կարող է ստեղծվել՝ «ուզում էինք լավ, ստացվեց ինչպես միշտ» իրավիճակ, երբ կա հանուն ինքնիշխաննության հնչեղ օրենք, սակայն ինքնիշխանության հարցն ու հեռանկարը դրանից չի դառնում առավել ուժեղ և կենսունակ, ու «տակը մնում» է լոկ քարոզչական էֆեկտը, ինչպես նաև հնարավոր քաղաքական լծակը: Հայաստանը պետք է լինի ինքնիշխան պետություն, բայց ինքնիշխանությունը թե կորցնելու պատճառը, թե պահելու գլխավոր միջոցը՝ խոսքը կամ թուղթը չէ, այլ միտքն ու գործը:
Լուսանկարը՝ panorama.am-ի