WikiLeaks-ը հրապարակել է մի կարևոր փաստաթուղթ, որը ստեղծվել է 2008թ. փետրվարի 18-ին` նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Պենտագոնի հրապարակած այս փաստաթուղթը ներկայացնում է, թե ԱՄՆ-ն ինչ տարբերություն է տեսնում Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև:
«Թեև որևէ հրապարակավ բաժանում չի եղել երկու ուժերի միջև, Քոչարյանի և Սարգսյանի միջև բացահայտ տարակարծությունը մի շարք հարցերի շուրջ վկայում է նրանց միջև մրցակցային հարաբերությունների մասին: Նախագահական պաշտոնը զբաղեցնելու վերջին օրերին Քոչարյանի դրսևորած ագրեսիան, և իր տրամադրվածությունը ընտրությունների հանդեպ վկայում են այն մասին, որ Քոչարյանը հեշտությամբ չի թողնի իշխանությունը: Քոչարյանը պաշտպանում էր Սերժ Սարգսյանի հաղթանակը ընտրություններում և անխնա թունոտ հարձակումներ գործում նախկին նախագահի՝ ընդդիմության առաջնորդի վրա»,- ասում է փաստաթուղթը:
Ըստ ամերիկացի դիվանագետների վերլուծության՝ Քոչարյանի և Սարգսյանի հարաբերությունները սկսեցին փչանալ հոկտեմբերից հետո, երբ ծագեց Իրաք զորքեր ուղարկելու հարցը: «Թեև վարչապետը մեր` հավելյալ հայկական զորքեր ուղարկելու խնդրանքին դրական պատասխան էր տվել, նախագահ Քոչարյանը (ով Հայաստանում չէր այդ ժամանակ) ասաց, որ դա անելը անհնար է»,- հիշեցնում է փաստաթուղթը:
Մյուս մեծ տարակարծությունը, որ ԱՄՆ-ը նկատում է Քոչարյանի և Սարգսյանի միջև, նրանց մոտեցումն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քոչարյանը բացահայտ թերահավատությամբ է մոտենում այդ հարցին, սակայն վարչապետ Սարգսյանը հայտնել է իր ցանկությունը հարաբերությունների կարգավորման համար լուրջ բանակցություններ սկսել:
Հրապարակումն ասում է, որ Քոչարյանը իրեն թույլ տվեց միջազգային հանրությանը ներկայացնել ընտրությունները այնպես, ինչպես ուզեց, սահմանափակեց ԶԼՄ-ների ազատությունը, փորձեց վարկաբեկել ընդդիմությանը:
Վերլուծելով իրավիճակը` պաշտոնական փաստաթուղթը հանգում է հետևյալ եզրակացության. «Քոչարյանին ձեռնտու է այն, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ լինի, քանի որ այսպիսով ավելի մեծ ազդեցություն կունենար Սարգսյանի վրա: Մի բան հայտնի է՝ այն, որ ընդդիմության ցույցերը ցրելով, Սարգսյանի վրա Քոչարյանը իր լծակներն է ուժեղացնում՝ խոսում է այն մասին, որ նա հանգիստ հեռանալու մտադրություն չունի»,- ավարտում է փաստաթուղթը:









































