
Քիչ առաջ ավարտվել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այս առիթով գրել է․
«Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:
Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:
Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ էր անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: